Հյուսիսային Կորեայի արձակած նոր հրթիռն ընկել է Ռուսաստանի ափերի մոտ
Հյուսիսային Կորեան, անտեսելով իր սպառազինության փորձարկումները սահմանափակելու կոչերը, կիրակի բալիստիկ հրթիռ է արձակել, որը վայրէջք է կատարել ծովում` Ռուսաստանի մոտ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` ընդգծելով, որ հրթիռի փորձարկումը տեղի է ունեցել Հարավային Կորեայում նոր նախագահի ընտրություններից օրեր հետո, որը ցանկություն է հայտնել երկխոսություն սկսել Փհենյանի հետ:
ԱՄՆ-ի ռազմատեխնիկական հրամանատարությունը փորձում է պարզել արձակված հրթիռի տեսակը, սակայն նշվում է, որ այն չի համապատասխանում միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի չափանիշներին։
Ճապոնիայի պաշտպանության նախարար Տոմոմի Ինադայի խոսքով` դա կարող է նոր տեսակի հրթիռ լինել: Հրթիռի թռիչքը 30 րոպե է տևել, որից հետո այն ընկել է ծովը` Հյուսիսային Կորեայի արևելյան ափի և Ճապոնիայի միջև: