ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել են առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող 79 հաղորդում
ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խմբի կողմից ժամը 20:00-ի դրությամբ ուսումնասիրված բազմաթիվ հրապարակումներից և ահազանգերից առերևույթ հանցագործության հատկանիշներ են պարունակել 79 հաղորդում, որից 56-ն աշխատանքային խմբի կողմից հայտնաբերվել են զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկման արդյունքում, իսկ 23-ը ոստիկանության համապատասխան բաժիններում ստացված ահազանգերն են: Այս մասին ասաց Հայաստանի հանրապետության գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետի տեղակալ Սևակ Հովհաննիսյանը:
«Նշված բոլոր հաղորդումները սահմանված կարգով ուղարկվել են ոստիկանության և քննչական կոմիտեի տարածքային բաժիններ: Դրանցով այս պահին էլ իրականացվում են անհետաձգելի օպերատիվ հետախուզական և դատավարական գործողություններ ու դրանց հետագա ընթացքն արդեն դատախազությունը կհրապարակի իր պաշտոնական կայքում»,- ասաց Հովհաննիսյանը: