
Որքան գումար են ծախսել առաջադրված քաղաքական ուժերը Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչվերստուգիչ ծառայության ղեկավար Տիգրան Բաբիկյանը ներկայացրեց Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում առաջադրված երկու կուսակցությունների և մեկ կուսակցությունների դաշինքի նախընտրական հիմնադրամներին կատարված դրամական փոխանցումներն ու ծախսերը: Մայիսի 14-ին ԿԸՀ-ում լրագրողների հետ հանդիպմանը Տիգրան Բաբիկյանը նախ նշեց, որ քաղաքական ուժերը ՀՀ կենտրոնական բանկում սահմանված կարգով և ժամկետներում բացել են նախընտրական հիմնադրամներ և ԿԸՀ-ի վերահսկիչվերստուգիչ ծառայություն են ներկայացրել նախընտրական հիմնադրամների մուծումների և դրանցից կատարված ծախսերի վերաբերյալ հայտարարագրեր:
«Հայտարարագրերը ներկայացվել են քարոզչությունը սկսելուց հետո 10-րդ և 20-րդ օրը, ինչպես նաև դրանք պետք է ներկայացվեն ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո ոչ ուշ, քան երեք օր առաջ»,ասաց Բաբիկյանը` ներկայացնելով մայիսի 10-ին այդ հիմնադրամներին փոխանցված գումարների չափը և կատարված ծախսերը:
«Ելք» դաշինքի նախընտրական հիմնադրամի հաշվին փոխանցվել է 7 միլիոն 279 հազար դրամ, ծախսվել է 7 միլիոն 64 հազար 839 դրամ, մնացորդը կազմում է 214 հազար 161 դրամ:
«Երկիր ծիրանի» կուսակցության նախընտրական հիմնադրամի հաշվին փոխանցվել է 2 միլիոն 634 հազար 200 դրամ, ծախսվել է 1 միլիոն 734 հազար 135 դրամ, մնացորդը կազմում է 900 հազար 65 դրամ:
Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական հիմնադրամի հաշվին փոխանցվել է 96 միլիոն 189 հազար 510 դրամ, ծախսվել է 94 միլիոն 488 հազար 920 դրամ, մնացորդը կազմել է 1 միլիոն 700 հազար 590 դրամ:
Ընդհանուր մուծումների թիվը կազմել է 106 մլն 102 հազար 710 ՀՀ դրամ, ծախսվել է 103 մլն 287 հազար 894 դրամ, մնացորդը կազմել է 2 մլն 814 հազար 816 դրամ:
Բաբիկյանը հավելեց, որ գործընթացի ընթացքում խախտումներ չեն եղել: