«Ցավում եմ Զարուհի Փոստանջյանի դստեր համար». Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ իրենց թիմն այսօր աշխատել է ՀՀ օրենքի շրջանակներում: «Սրանք ՏԻՄ ընտրություններ են, և քիչ մասնակցությունը դրանով է բացատրվում։ ՏԻՄ ընտրությունները քաղաքական չեն, թեև կուզենայինք, որ մասնակցությունն ավելի բարձր լիներ։ Երևանցիների քաղաքացիական պարտքի վրա ոչ ոք չի բռնացել, ընտրությունների արդյունքների ամփոփումը ցույց կտա, թե այս ընտրությունն ինչի հետևանք էր, իմ կարծիքով՝ կերևա, որ մեր երկու մրցակիցները լավ չեն աշխատել իրենց ընտրողների հետ»։
Աշոտյանն ընդգծեց՝ արձանագրված եզակի միջադեպերը տհաճ են, բայց դրանք չեն կարող ստվերել ընտրությունների որակը։ Ինչ վերաբերում է ՀՀԿ շտաբում Զարուհի Փոստանջյանի նկատմամբ Ոստիկանության կիրառած ուժին, նա հետևյալը նշեց.
«Մենք հյուրընկալ կուսակցություն ենք, բայց դա չի կարող չարաշահվել: Դա միջամտություն էր ՀՀԿ գործունեությանը, ոչ ոք չի խանգարել ունենալ ընտրողների ցուցակներ, հատկապես ՀՀ օրենսդրության պայմաններում ցուցակները բաց են։ Որևէ քաղաքական ուժ, եթե լուրջ է պատրաստվում ընտրություններին, պետք է նրանց ցուցակագրի, թիրախավորի, սա օրենքով չարգելված տեխնոլոգիա է։ Ցավում եմ Զարուհի Փոստանջյանի դստեր համար, բայց պետք է ընդգծել, որ երեխաներին ընդգրկելը նման գործընթացների մեջ այդքան էլ ողջունելի չէ»։
Լրագրողների դիտարկմանը՝ եթե ցուցակները բաց են, ապա ինչո՞ւ են լրագրողներին տեսնելիս դրանք թաքցնում, նա այսպես արձագանքեց. «Տեսախցիկով լրագրողի մուտքը շտաբ առօրյա միջադեպ չէ։ Դրա համար էլ պահում են ցուցակները»։