Բաժիններ՝

Ինչո՞ւ են պասիվ մայրաքաղաքի ընտրողները

Երևանի ավագանու ընտրություններն այս անգամ բավականին պասիվ են։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայն՝ ժամը 17:00-ի դրությամբ մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցողների 34.52 %-ը: Մինչդեռ 2013 թ.-ին Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել էին անհամեմատ ավելի շատ ընտրողներ՝ 53.55 %:

Թե ինչո՞վ է պայմանավորված այս անգամ մայրաքաղաքի ընտրողների պասիվությունը, «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության շրջանակներում դիտորդական առաքելություն իրականացնող «Իրավունքի Եվրոպա միավորում» հ/կ ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը 168.аm-ի հետ զրույցում դժվարացավ նշել։

«Ես չեմ կարող ասել, թե կոնկրետ ինչով է պայմանավորված, բայց դա փաստ է։

Ընդհանրապես, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները կարծես թե չեն առանձնացել բարձր մասնակցությամբ։ Բայց ամեն դեպքում սա կարևոր փաստ է, որը հետագայում պետք է համադրվի ստացվող ընտրախախտումների հետ։ Սա կարևոր ցուցիչ է»,- ասաց Տ.Եգորյանը։

Նա հավելեց, որ առայժմ փաստահավաք պրոցես է ընթանում, որն այսօր և վաղը կավարտեն, հետո հնարավոր կլինի նստել և վերլուծել տարբեր թվային ցուցիչները։ Մեր հարցին, թե հնարավո՞ր է դիտարկում անել, թե հատկապես որ ընտրողներն են պասիվ՝ ընդդիմադիր հայացքներ ունեցո՞ղ, թե՞ իշխանամետ, Տ.Եգորյանը նույնպես դժվարացավ պատասխանել և նշեց, որ այդ ամենն իրենց վերլուծության արդյունքում կներկայացնեն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս