«Քվեաթերթիկը հանվում է ու ցուցադրաբար հաղորդվում, որ քվեարկել է Տարոն Մարգարյանի օգտին»
«Այս անգամ մեր դիտորդների թիվը 36-ն է, մենք ծածկում ենք բոլոր տարածքային ընտրական հանձնաժողովները, յուրաքանչյուրում ունենք մեկական դիտորդ։ Մնացած դիտորդներն արդեն տեղակայված են այլ տեղամասերում։ Ինչպես ԱԺ ընտրությունների ժամանակ, հիմա էլ խախտումները բազմաթիվ են, ահազանգերը մեր դիտորդների կողմից բազմաթիվ են»,- այսօր Մեդիա կենտրոնում կազմակերպված քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության ներկայացուցիչ, «Իրավունքի Եվրոպա միավորում» հ/կ անդամ Քրիստինե Գևորկյանը։
Ինչ վերաբերում է կոնկրետ խախտման դեպքերին, ապա նա նշեց, որ կան գրանցամատյանի չգրանցման դեպքեր, երբ դիտորդները պահանջում են իրենց դիտարկումներն արձանագրել գրանցամատյանում, սակայն, հանձնաժողովի անդամներն ինչ-ինչ պատճառներով մերժում են այդ գրանցումը կատարել. «Ունենք նման 5 դեպք այս պահի դրությամբ։ Ունենք քվեարկության գաղտնիության, վիճակահանության կարգի խախտման դեպքեր, երբ հանձնաժողովի անդամներից մեկը ներկա չի եղել, սակայն վիճակահանություն է տեղի ունեցել։ Ունենք օգնության կարգի խախտում, երբ ընտրողը քվեախցիկ է մտնում, և օգնողները չեն գրանցվում գրանցամատյանում։ Քվեարկության սենյակում քարոզչական նյութերի առկայության դեպքեր ունենք, երբ տեղամասում քվեախցիկի հենց հետնամասում փակցված է օրինակ՝ հանրապետության նախագահի և կաթողիկոսի լուսանկարները»։
Նրա խոսքով՝ բազմաթիվ են ուղղորդման, քվեարկության վերահսկման դեպքերը. «Դա տեղի է ունենում վստահված անձանց կողմից, այն անձանց կողմից, որոնք անհայտ են և այդ տեղամասում գտնվում են առանց որևէ կարգավիճակի և փորձում են մարդկանց ուղղորդել կամ վերահսկել։ Ունենք կուտակումների դեպքեր, քվեարկության կարգի խախտման դեպքեր, երբ քվեածրարից քվեաթերթիկը հանվում է ու ցուցադրաբար հաղորդվում, որ քվեարկել է Տարոն Մարգարյանի օգտին։ 7/43 տեղամասում ունեցել ենք կարուսելի դեպք, երբ մի տարեց կին փորձել է քվեարկել, և իր մոտ հայտնվել է մեկ լրացուցիչ քվեաթերթիկ, որը հանձնաժողովի անդամները, նախագահը չեն ցանկացել գրանցել, բայց հետո արձանագրություն են կազմել, թե իբր այդ քվեաթերթիկը տրվել է պատահաբար»։
Նա նշեց, որ կան դիտորդներ, որոնք ՀՀԿ-ի քարոզչությունն են իրականացնում, մարդկանց ուղղորդում են. «Ունենք ահազանգեր, որ, օրինակ՝ «Զեթ» տաքսի ծառայության միջոցով քաղաքացիների են բերում տեղամասեր, և միկրոավտոբուսների միջոցով են տեղափոխվում, որոնց պատուհաններն ամբողջությամբ փակ են, որ չերևա մարդկանց քանակը։ Ունենք բազմաթիվ սպառնալիքների և ճնշումների ահազանգեր, դա վերաբերում է մեր դիտորդ Վարդգես Գասպարիին, որն այսօրվա ընթացքում մի քանի միջադեպի է բախվել»։