Զարուհի Փոստանջյանը ստեղծում է ազգային դիմադրության շարժում

«Հայաստանում դեռ ընտրական իրավունքի իրացում մեզ չի հաջողվել կյանքի կոչել։ Ե՛վ համակարգն է այդպիսին՝ ավտորիտար, և՛ ընտրական իրավունքի իրացման համար չկան ո՛չ հավասար, ո՛չ արդար, ո՛չ թափանցիկ պայմաններ»,- այսօր հրատապ հրավիրված ասուլիսում հայտարարեց «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար, Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը։

Ըստ նրա՝ սա խոսում է այն մասին, որ, երբ կա մարդկանց համատարած ցուցակագրում, իրենք ունեն հիմնական գործառույթներ իրականացնող խմբեր, որոնք գործում են նաև բողոքի ակցիաների ժամանակ, օրինակ՝ Սարի թաղում, որտեղ ոստիկանական մեքենաների միջից դուրս էին գալիս քաղաքացիական անձինք, բռնություն կիրառող հսկայածավալ ջոկատներ.

«Տարոն Մարգարյանի համար դա նորմալ կարող է լինել, որովհետև, եթե դու գող ես, դու կոռուպցիայի մեջ թաթախված ես, դու ավազակ ես, դու ծառայում ես մեկ այլ քո վերադասի, որը նույնպես գող է, ավազակ է, բռնազավթիչ է, ընտրագող է, հետևաբար՝ դա իրենց համար նորմալ է։ Իրենց համար աննորմալ է, որ կարող է լինեն մարդիկ, որոնք գնան ու փորձեն բացահայտել այդ հանցագործությունները, ընդհուպ՝ մինչև իրենց վտանգելով։ Իրենց համար դա նորմալ չէ»։

Զ.Փոստանջյանը դիմել է Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության պաշտոնյաներին, որ օգնեն, որպեսզի տեղի ունենա ՀՀԿ-ի և ժողովրդի քաղաքակիրթ բաժանում, այս փուլն անցնցում անցնեն, որ իրավապահները դիտարկեն այս ընտրությունների հնարավորությունը՝ որպես իրենց համար հումանիտար ճանապարհ, որպեսզի իրենք հեռանան, չլինեն ցնցումներ, չլինեն զոհեր, ավելորդ որևէ բան չլինի։ Սակայն, Զ.Փոստանջյանի խոսքով, այդ հորդորն իրենց պետք չէ, ամեն ինչ մտցրեցին փակուղի, չօգտվեցին այդ հնարավորությունից։

Զ.Փոստանջյանն ընթերցեց իրենց ազգային դիմադրության բանաձևը՝ ուղղված ժողովրդին, ըստ որի՝ առկա քաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար անհրաժեշտ է սոցիալական շերտերի լայն ներգրավմամբ ստեղծել ազգային դիմադրության շարժում, որի խնդիրն է՝ ապօրինի գործող իշխանության տապալումը, քաղաքական մենաշնորհի տապալումը, օրինական իշխանության հաստատումը, որի հիմքում դրված են հակակշռող մեխանիզմներ։

Ըստ Զ.Փոստանջյանի՝ ազգային դիմադրության շարժումը չի ընդունում 2015 թ. սահմանադրական հանրաքվեի արդյունքները, Սերժ Սարգսյանին և ՀՀԿ-ին ճանաչում է որպես ոչ օրինական, և նրանց դեմ սկսում է քրեական հետապնդման գործընթաց։ Փոստանջյանը հրապարակեց նաև իրենց քաղաքական պլատֆորմի մյուս դրույթները և նշեց, որ իշխանության կյանքը վերածվելու է դժոխքի, Տարոն Մարգարյանը մի օր հանգիստ չի ապրելու։ Զ.Փոստանջյանի խոսքով՝ քաղաքական պլատֆորմն աջակիցներ ունի ամբողջ աշխարհում, և հումանիտար ճանապարհն այլևս փակ է, իշխանության ուղին տանում է բանտախցեր։

Տեսանյութեր

Լրահոս