Բաժիններ՝

«Երևանն աննորմալ երևույթ է Հայաստանի համար». Ռուբեն Բաբայան

«Մենք հաճախակի խոսում ենք քաղաքապետի ընտրության մասին, բայց մոռանում ենք, որ կա ավագանի, որը կարևոր պարտականություններ ունի, բայց ձևական բնույթ է կրում։ Ո՞վ է որոշում՝ որ շենքը որտեղ պետք է կառուցվի, ինչ արձան պետք է դրվի։ Երևանում վերջին շրջանի արձանաշինությունը գերեզմանատան ճաշակով է արվում։ Սա էլ է կարևոր, թե արդյոք այն մարդիկ, որոնք որոշում են կայացնում, դրա գեղագիտական իրավունքն ունե՞ն, թե՞ ոչ»,- այսօր Մեդիա կենտրոնում կազմակերպված քննարկման ժամանակ այս մասին ասաց Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը։

Նա նկատեց, որ Երևանում է կենտրոնանում Հայաստանի բնակչության կեսը, ինչը, ըստ նրա՝ գավառամտություն է. «Ինչքան էլ մենք փառաբանենք մեր պատմությունը, պետք է հասկանանք, որ այս հողակտորի վրա սկսել ենք զրոյից։ Երևանն աննորմալ երևույթ է Հայաստանի համար։ Հավաքել բնակչության կեսը մեկ քաղաքում, մենք չենք կարողանում նույնիսկ մշակութային կյանքով ապրել։ Կենտրոնացումը ևս գավառամտություն է, որպեսզի Երևանում լավ լինի, լավ պետք է լինի նաև Սանահինում»։

Ռ. Բաբայանի խոսքով՝ Երևանը կանաչապատման խնդիր ունի. «Թոքեր են պետք շնչելու, ապրելու համար։ Պետք է արգելել Երևանի կենտրոնում շինարարությունը։ Վերացնել սուպերմարկետները կենտրոնից։ Սրանք բաներ են, որ պարտադիր են մեծ քաղաքի համար։ Վերջացնել ծանոթ-բարեկամ-փողով օբյեկտաբաշխություն անել։ Քաղաքը պետք է ապրի քաղաքի օրինական կյանքով։ Մայրաքաղաքը թելադրում է օրենքը, ոչ թե գավառը։ Եթե մայրաքաղաքն ապրում է անօրեն կյանքով, սպասել, որ ուրիշ տեղերում օրինականություն կլինի, միամտություն է։ Մենք ապուշի կարգավիճակում ենք, որը չի հասկանում՝ ինչ է անում մեր քաղաքի հետ»։

Նրա կարծիքով՝ Հայաստանում ամեն ինչ չափից ավելի կենտրոնացված է, դրա համար էլ չինովնիկի ճաշակը խաղում է ամենակարևոր դերը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս