Բաժիններ՝

«Խայտառակ ուղղորդումներ են տեղի ունենում». Արայիկ Հարությունյան

«Ընտրատեղամասերից դուրս խայտառակ ուղղորդումներ են տեղի ունենում, ներսում մեր վստահված անձինք կարողանում են պահել տեղամասերը։ Ընդ որում՝ տեղամասերում ՀՀԿ վստահված անձինք բացակայում են, հանձնաժողովները մեծ մասամբ փաստացի սպասարկում են Հանրապետական կուսակցությանը»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց Երևանի ավագանու «Ելք» դաշինքի թեկնածու Արայիկ Հարությունյանը՝ մեկնաբանելով մինչ այս պահն ընտրությունների ընթացքը։

Նա նշեց, որ շրջել է մի քանի ընտրատեղամասերում, միայն մեկում է տեսել «Երկիր Ծիրանիի» վստահված անձ. «Այսինքն՝ ամբողջ բեռը տեղամասերում ընկած է «Ելքի» վստահված անձանց վրա, որոնք, իհարկե, չեն հասցնում նույն արդյունավետությամբ նաև դրսում աշխատել։ Հանձնաժողովների նախագահները մեծամասամբ կամք չեն դրսևորում իրավիճակը շտկելու, մենք շրջիկ խմբերով փորձում ենք նրանց միջոցով, ոստիկանների միջոցով մաքրել տարածքները։ Իհարկե, դա կարճ ժամանակ է տևում, կուտակումները նորից լինում են։ ՀՀԿ-ի շտաբների պետերի մակարդակով են ուղղորդումները»։

Ա.Հարությունյանը նշեց, որ թիվ 158 դպրոցի մոտ նկարահանել են տեսանյութ, որտեղ շտաբի պետ տիկինը բավականին «սիրալիր» իրենց ընդունել և ճանապարհել է. «Առավոտվանից նրանք կանգնած են այդտեղ, հանձնաժողովների նախագահների հորդորներին հիմնականում չեն արձագանքում, շարունակում են մնալ այդտեղ, Ոստիկանությունն էլ գործողություն է անում այն ժամանակ, երբ ոչ թե նախագահը, այլ մենք նրանց խնդիրը ներկայացնում ենք, և նրանք կարճաժամկետ միջոցներ են ձեռնարկում»։

«Ելքի» վստահված անձը, ըստ Ա.Հարությունյանի, տեսել է, որ թիվ 52 դպրոցի տեղամասերից մեկում նմուշով մարդիկ են գալիս քվեարկելու՝ ՀՀԿ-ի դիմաց նշումով, մեկ այլ ընտրատեղամասում «Ելքի» վստահված անձն արձանագրել է, որ փորձել են դուրս բերել քվեաթերթիկը, կանխել է դա, բայց շատ երկար ժամանակ նախագահը հրաժարվել է արձանագրել, 8/63 ընտրատեղամասում վստահված անձն արձանագրել է և տեսանյութ ունի, որտեղ երևում է, որ տեղամասի մոտ մեքենայի մեջ անընդհատ կանայք են նստում, դուրս գալիս.

«Մեզ համար ակնհայտ է, որ ընտրատեղամասի դիմաց մեքենա մտնել և դուրս գալը միայն մի բան է նշանակում՝ ընտրակաշառքի բաժանում։ Իհարկե, չեմ պնդում, բայց հատկանիշներն ամբողջությամբ այդպիսին են»։

«Իհարկե, պասիվություն կա, հազվադեպ տեղամասերում է ակտիվություն նկատվում, Ազգային ժողովի ընտրությունների նման չէ»,- հավելեց Ա.Հարությունյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս