Բաժիններ՝

1500 մասնակից և 7 հիմնական թեմա. ի՞նչ է սպասվում 10-րդ «ԴիջիԹեք» բիզնես ֆորումում

«ԴիջիԹեք» ամենամյա բիզնես-ֆորումն այս տարի տեղի կունենա հունիսի 9-ին և 10-ին: Սա արդեն թվով 10-րդ հոբելյանական ֆորումն է, որ անցկացվում է Հայաստանում:

Բիզնես-ֆորումն ունի «Խելացի լուծումներ՝ խելացի բիզնեսի համար» խորագիրը:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունում նշում են, որ երկօրյա ֆորումը Հայաստանում անցկացվող B2B ֆորմատի կարևորագույն միջոցառումներից է: Այն արդյունավետ հարթակ է ՏՏ ոլորտի և բիզնեսի այլ ճյուղերի երկխոսության համար: Միջոցառման նպատակն է՝ նպաստել տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ներդրմանը Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում:

Այս տարի բիզնես-ֆորումի համար առանձնացվել են 7 հիմնական թեմաներ: Դրանք են՝

  • Երևանում ՏՏ համաշխարհային համաժողով 2019 (WCIT). մեկնարկ և բրենդի հաստատում
  • ՏՏ ներդրումային համակարգ
  • Վերականգնվող էներգիա և բնապահպանություն
  • Տեղեկատվական անվտանգություն. մարտահրավերներ և լուծումներ
  • Պետական գնումներ. խնդիրներ և լուծումներ
  • Մարդկային ռեսուրսներ. ընդհանուր համակարգի հնարավորություններ
  • ՏՏ և Տուրիզմ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախաձեռնությամբ կայացել է նաև «Զբոսաշրջության ոլորտում ՏՏ լուծումների ներդրման խնդիրները, առաջարկները և գաղափարները» թեմայով հանդիպում-քննարկում, որին մասնակցել են ոլորտի մի շարք ընկերություններ, որոնք ունեն համապատասխան ՏՏ լուծումներ տուրիզմի խթանման և աջակցման համար: Հանդիպման արդյունքում ձևավորվել է «ԴիջիԹեք» բիզնես-ֆորումի շրջանակում անցկացվող «ՏՏ և տուրիզմ» քննարկման օրակարգը:

Բիզնես-ֆորումի նպատակն է՝ նպաստել տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ներդրմանը տնտեսության այլ ոլորտներում, ներկայացնել հայաստանյան և միջազգային ընկերությունների ՏՀՏ ապրանքներ և ծառայություններ, որոնք նախատեսված են տնտեսության այլ ճյուղերի արդիականացման համար: Ֆորումը   հնարավորություն է ընձեռում  գործարար և արդյունավետ  կապեր հաստատել և ներկայացնել Ձեր ընկերությունը պոտենցիալ հաճախորդներին:

Ֆորումն առաքելություն ունի գտնել լավագույն տեխնոլոգիական լուծումները բիզնեսի բոլոր ոլորտների համար, ստեղծել բիզնես միջավայր, որտեղ մեկ տեղում​հանդիպում են տեխնոլոգիական ընկերություններն ու պոտենցիալ հաճախորդները, նպաստել ՏՀՏ ներդրմանը Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում:

«Խելացի լուծումներ՝ խելացի բիզնեսի համար» խորագիրը կրող «ԴիջիԹեք» բիզնես-ֆորումն անց է կացվում 2008 թ.-ից: Բիզնեսի և տեխնոլոգիաների երկխոսության այս  ֆորումն ավանդաբար իրականացվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կողմից՝ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո:

«ԴիջիԹեք» բիզնես-ֆորում 2016-ն  առանձնահատուկ էր պետական բարձրաստիճան պաշտոնյաների, ՏՏ և տնտեսության այլ ճյուղերի ներկայացուցիչների ակտիվ մասնակցությամբ, թեմատիկ քննարկումների ակտիվությամբ և արդյունավետությամբ: Թեմատիկ քննարկումներին ընդհանուր թվով ներգրավված է եղել 900-1000 մասնակից:

Նախատեսվում է, որ 2017թ. ֆորումին ներկա կլինի շուրջ 1500 մասնակից։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս