
Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ունկնդիրներին

Մայիսի 13-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի ունկնդիրներին՝ դպրոցի տնօրեն, արտակարգ և լիազոր դեսպան Վահե Գաբրիելյանի գլխավորությամբ:
Ողջունելով հյուրերին՝ վարչապետը կարևորել է ապագա դիվանագետների՝ արդեն ավանդական դարձած այցը Արցախ:
«Ղարաբաղի հիմնահարցն այսօր հայկական օրակարգի թիվ մեկ խնդիրն է մնում, և շատ կարևոր է, որ տեղում անմիջական հնարավորություն ունենաք ստանալու անհրաժեշտ տեղեկություններ՝ հետագայում ձեր դիվանագիտական գործունեության ընթացքում կիրառելու համար»,- ապագա դիվանագետներին ուղղված իր խոսքում ասել է գործադիր իշխանության ղեկավարը:
Ա. Հարությունյանը դիվանագիտական դպրոցի ունկնդիրներին ներկայացրել է վերջին տարիներին Արցախի տնտեսության ունեցած ձեռքբերումները, ինչպես նաև անդրադարձել է հիմնական խնդիրներին և դրանց լուծման ուղղությամբ կատարվող քայլերին:
Հանդիպման ընթացքում հանրապետության վարչապետը նաև պատասխանել է ներկաների հարցերին: