«ՄԻՍՍ ԱՊՀ» գեղեցկության մրցույթին բազմաթիվ անակնկալներ են սպասվում
«ՄԻՍՍ ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթի եզրափակիչ փուլը տեղի կունենա հունիսի 6-ին Երևանում: Կմասնակցեն նաև հայտնի ու ճանաչված աստղեր:
Մրցույթի աստղային հյուրերի թվում են ռուս հայտնի երգիչ, կոմպոզիտոր, հեղինակկատարող, բազմաթիվ միջազգային ստուգատեսների մասնակից Միշել Դարը, հանրահայտ ռուս հաղորդավարուհի Եկատերինա Գուսևան, երգչուհի, մոդել, դերասանուհի, մի շարք մրցույթների դափնեկիր Բուկատարան (Մարիա Բուկատար), հեռուստառադիոհաղորդավար, իմպրովիզացիաների արքա Պավել Դիկանը, երգչուհի, «Իքսֆակտոր» շոուի մասնակից Ալիսա Դանելիան, ռուսական սիրված «Голос» նախագծի մասնակից, Ագուտինի թիմի անդամ, ինչպես նաև «Նոր ալիք-2012» մրցույթում հանդես եկած երգիչ Մայքլ Բլեյզը, ովքեր երեկոն կզարդարեն իրենց ելույթներով:
Մրցույթի եզրափակչին մասնակցելու համար Հայաստան կժամանեն ԱՊՀ անդամ երկրների 18-25 տարեկան 20-25 գեղեցկուհիներ, ովքեր հաղթել են իրենց երկրներում կայացած ընտրական մրցույթներում։ Միջազգային գեղեցկության մրցույթի նպատակն է բացահայտել աղջիկների, ովքեր ունակ են պատշաճ և բարձր մակարդակով ներկայացնել ԱՊՀ երկրները համաշխարհային նորաձևության և կինոարտադրության ասպարեզներում, հաղթողի համար ապահովել պրոֆեսիոնալ զարգացում և մասնագիտական աճ, որին կհաջորդեն հրավերներն աշխարհահռչակ մոդելային տների, տարբեր պրոդյուսերական ընկերությունների և կինոարտադրողների կողմից, ինչը «ՄԻՍՍ ԱՊՀ»ի հաղթողին կընձեռի այդ ոլորտներում առաջնային դերեր զբաղեցնելու հնարավորություն:
Նպատակներից է նաև ամրապնդել ԱՊՀ երկրների միջև միջազգային հարաբերությունները մոդելինգի և գեղեցկության ոլորտներում: «ՄԻՍՍ ԱՊՀ 2017»-ի եզրափակչի ժյուրիի կազմում ընդգրկված են ոլորտի 11 փորձառու մասնագետներ` 3-ը` Հայաստանից, 4-ը՝ Ռուսաստանից և 4-ը՝ ԱՊՀ անդամ այլ երկրներից։ Գեղեցկության մրցույթի եզրափակիչը կլուսաբանեն հայտնի բլոգերներ, նորաձևության հայտնի ամսագրերի խմբագիրներ, նորաձևության քննադատներ, դիզայներներ և հայտնի աստղային դեմքեր, ովքեր հատուկ այս միջոցառմանը մասնակցելու համար կժամանեն Հայաստան:
«ՄԻՍՍ ԱՊՀ 2017» գեղեցկության մրցույթին մասնակցում է 13 երկիր: Այն ընդգրկում է 25 միլիոնանոց լսարան: Մրցանակային ֆոնդը կազմում է 16,2 մլն ՀՀ դրամ: Միջոցառման աջակիցների թվում են ԱՊՀ Միջպետական կոմիտեն, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը: Շուտով հայտնի կդառնան այն գեղեցկուհիների անունները, ովքեր հեղինակավոր ստուգատեսին կներկայացնեն Հայաստանը:
«ՄԻՍՍ ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթը նոր մասշտաբային ծրագիր է, որը կազմակերպել են երկու բրենդային կազմակերպություններ՝ «Топ модель России» և «Российская красавица» համառուսական մրցույթների կազմակերպիչ «Ալեքս Գրուպ» ՍՊԸ պրոդյուսերական կենտրոնը (Մոսկվա)՝ ի դեմս գլխավոր տնօրեն Ալեքսանդր Աբդուլիմովի և «NAIRI TRAVEL» տուրիստական գործակալությունը
(Երևան)՝ ի դեմս տնօրեն Նաիրի Մնացականյանի։