
Սիրիայում միջազգային կոալիցիայի ավիահարվածների հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել

Սիրիայի հյուսիսարևելյան հատվածում ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ավիահարվածների հետևանքով 5 խաղաղ բնակիչ է զոհվել: Այս մասին հայտնում է Al Jazeera-ն:
Հեռուստաընկերության տեղեկություններով արևմտյան կոալիցիայի ռազմաօդային ուժերը ավիահարվածներ են հասցրել Էլ Քուրիա ավանում գրոհայինների ենթադրյալ դիրքերին, որը գտնվում է Դեյր էլ Զորի մոտակայքում:
Նաև հաղորդվում է, որ երկու օր առաջ Էս Սալախիա գյուղի մոտակայքում ավիահարվածների հետևանքով զոհվել է 11 խաղաղ բնակիչ, որոնցից 4-ը երեխաներ են: Ավելի վաղ Պենտագոնը հայտարարել էր, որ Սիրիայում և Իրաքում ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի հասցրած ավիահարվածների հետևանքով ընդհանուր առմամբ զոհվել է 352 խաղաղ բնակիչ:
Միևնույն ժամանակ ԱՄՆի զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ ավիահարվածներին զոհ է գնացել ընդհանուր առմամբ 396 խաղաղ բնակիչ: 2014թ. օգոստոսից մինչև 2017թ. փետրվար միջազգային կոալիցիան Սիրիայում և Իրաքում գրոհայինների դիրքերին 18 հազար 600 ավիահարված է հասցրել: