
Թրամփը հերքում է Ռուսաստանի իշխանությունների հետ իր թիմի որևէ կապը

Նախագահ Դոնալդ Թրամփն, ով պաշտոնանկ է արել Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քոմիին, NBC-ին տված հարցազրույցում ասել է, որ Քոմիի օրոք այնտեղ տիրում էր խառնաշփոթ:
«Հետաքննությունների դաշնային բյուրոյում տիրում էր խառնաշփոթ: Դրա մասին բոլորը գիտեն: Եվ այս քաոսային իրավիճակը չէր փոխվում»,- ասել է նախագահ Թրամփը:
Սպիտակ Տունը հերքել է, որ Քոմիի պաշտոնանկությունը կապված է ընտրություններին Ռուսաստանի ներգրավվածությանն առնչվող հետաքննության հետ: Թրամփը հերքել է որևէ դերակատարություն այս հարցում և կոչ արել պատշաճ հետաքննություն իրականացնել:
«Իմ, իմ թիմի և Ռուսաստանի միջև չկան շփումներ: Բացի այդ, Ռուսաստանը չի ազդել ընտրությունների արդյունքների վրա: Բոլորն էլ այդպես են մտածում»,- ասել է նախագահ Թրամփը:
Թրամփն ու իր օգնականները հաստատել են, որ Քոմիի պաշտոնանկումը տեղի է ունեցել գլխավոր դատախազի տեղակալ Ռոդ Ռոզենշտեյնի առաջարկության հիման վրա:
Չնայած նախագահ Թրամփի գործողությունները կարող են մեկնաբանվել որպես զգուշացում Քոմիի հետնորդներին ընտրություններին Ռուսաստանի ներգրավվածության գործի հետ կապված, սակայն դա քիչ է մտահոգում նախագահ Թրամփին: