
Ոզնի 2017. Հայ դպրոցականները հնարավորություն ունեն ցուցադրել իրենց ստեղծարար մտքերն ու համակարգչային գիտելիքները

Այսօր մեկնարկել է «ՈԶՆԻ» ամենամյա դպրոցական համակարգչային մրցույթը: Մրցույթն անցկացվում է Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնում: Մրցույթի նպատակն է՝ բացահայտել աշակերտների համակարգչային կարողություններն ու հմտությունները, հնարավորություն տալ նրանց համակարգչային ծրագրերի միջոցով արտահայտելու իրենց ստեղծագործական մտքերը, ստուգելու սեփական կարողությունները:
Մրցույթի կազմակերպիչները նշում են, որ մրցույթը նպատակ ունի նաև ստեղծել հարթակ մարզերի և մայրաքաղաքի ուսուցիչների համագործակցության և փորձի փոխանակման համար: Այս տարի մրցույթին մասնակցում են 6-10-րդ դասարանների 223 աշակերտներ Երևանի 45 և ՀՀ մարզերի դպրոցներից, ինչպես նաև ՀՀ որոշ ուսումնական հաստատություններում գործող ռոբոտաշինության խմբակներից 68 աշակերտ, որոնք կաշխատեն «Աղվես» համակարգչային ծրագրով:
Վիճակահանության միջոցով մասնակիցները կընտրեն իրենց աշխատանքի թեման և սահմանված ժամանակի ընթացքում կներկայացնեն այն: Մրցույթին մասնակցելու համար գումար չի գանձվում: 2010 թվականից իրագործվող մրցույթի արդյունքները կամփոփվեն մայիսի վերջին: Նշենք նաև, որ մրցույթի անցկացմանն աջակցում են ՏՀՏ գործատուների միությունը, Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը և ԿՏԱԿ-ը։
Սիրարփի Աղաբաբյան