
Հարավային Կորեայում խորտակված «Սևոլ» լաստանավում ոսկորներ են գտել

Հարավկորեացի մասնագետները երեք տարի առաջ խորտակված «Սեւոլ» մարդատար լաստանավը զննելիս հայտնաբերել են ոսկորների մի քանի կտորներ, որոնք կարող են պատկանել ողբերգության զոհերից մեկին: Համապատասխան տեղեկատվությունը մայիսի 12-ին հրապարակել է «Չունան Իլբո» թերթը: Հրատարակության տվյալներով՝ ոսկորի մի կտոր գտնվել է մայիսի 11-ին, եւս երկու կտոր՝ մայիսի 10-ին: Փորձագետները կարծում են, որ դրանք մարդու ոսկորներ են։
«Սեւոլ» մարդատար լաստանավը խորտակվել է 2014 թվականի ապրիլի 16-ին: Հարավային Կորեայի արդի պատմության մեջ ամենախոշոր ողբերգություններից մեկի զոհ է դարձել 295 մարդ, որոնցից 250-ը 15-ից մինչեւ 19 տարեկան դպրոցականներ: Ինը մարդու մարմինները մինչ օրս չեն գտնվել: Ընդամենը վթարի պահին նավում եղել է 476 մարդ, փրկել հաջողվել է սոսկ 172-ին: Վթարի պատճառ են դարձել լաստանավի գերբեռնումը, ինչպես նաեւ կորպուսի անօրինական վերափոխումը եւ կառավարման սխալները:
Մարտ ամսին «Սեւոլ» լաստանավը բարձրացվել է եւ տարվել Մոքփո նավահանգիստ, ինչից հետո մասնագետներն այն տեղավորել են չոր նավանորոգարանում: Այժմ գլխավոր խնդիրը կդառնա այն ինը մարդու մարմինների որոնումը, որոնք մինչ օրս անհայտ կորած են համարվում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին։