Մակրոնի թիմը պատրաստ է բանակցություններ վարել «Հանրապետականների» հետ
Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնի թիմը պատրաստ է բանակցություններ վարել երկրի հիմնական պահպանողական կուսակցության՝ «Հանրապետականների» հետ: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Մակրոնի ներկայացուցիչ Առնո Լերոյին:
«Հանրապետականների մեջ կա մի խումբ, որի անդամներն ասում են. «Մենք ցանկանում ենք օգտակար լինել երկրին, բայց «մակրոնացում» չենք ցանկանում: Լինելով պատասխանատու մարդիկ՝ մենք բաց ենք քննարկումների համար: Ես դռները բաց եմ պահում»,-հայտարարել է Լերոյը՝ ելույթ ունենալով ֆրանսիական BFM TV հեռուստաալիքի եթերում:
Մայիսի 11-ին Էմանուել Մակրոնի կողմից ստեղծված «Հառա՛ջ, հանրապետություն» շարժումը ներկայացրել է հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների թեկնածուների առաջին ցուցակը: Դրա մեջ մտելէ 428 մարդ՝ հավասար քանակությամբ կանայք ու տղամարդիկ: Թեկնածուների 52 տոկոսի համար քաղաքականությունը նոր զբաղմունք է, եւ նրանք երբեք չեն մասնակցել ընտրություններին:
Գործակալության տվյալներով՝ շարժման կողմից հրապարակված ցուցակում տեղ են գտել «Սոցիալիստական կուսակցության» մի քանի կողմնակիցներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: