Ուկրաինան ուսումնասիրում է «Եվրատեսիլում» Հայաստանի և Բուլղարիայի ներկայացուցիչների՝ Ղրիմ այցելության մասին լուրերը
Ուկրաինայի իշխանությունները՝ սահմանապահ ծառայությունները և Ազգային անվտանգության ծառայությունն ուսումնասիրել են «Եվրատեսիլ 2017-ում» Բուլղարիայի մասնակից Քրիստիան Կոստովի՝ Ղրիմ կատարած այցելության մասին լուրերը: Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Հիշեցնենք, որ համացանցում լուրեր էին տարածվել, որ նա 2014 թվականի հունիսի 1-ին ելույթ է ունեցել «Արտեկ» ճամբարում և Երեխաների պաշտպանության միջազգային օրը նա այնտեղ երգել է Ռուսաստանի կողմից Ղրիմը բռնակցելուց հետո, և, չնայած դրան, Քրիստիան Կոստովն անարգելք ժամանել է Կիև և մասնակցում է Ուկրաինայի մայրաքաղաքում անցկացվող «Եվրատեսիլ» երգի մրցույթին:
Բայց Ուկրաինայի իշխանությունները հենց Ղրիմ այցելելու համար էին արգել Ռուսաստանի ներկայացուցիչ Յուլիա Սամոյլովայի մասնակցությունը «Եվրատեսիլին»:
17-ամյա պատանի Քրիստիան Կոստովը «Եվրատեսիլ 2017-ի» տարիքով ամենափոքր մասնակցին է, նրա՝ Ղրիմ այցելու մասին լուրերը, նաև ռուսական աղբյուրների օգնությամբ, տարածվեցին մայիսի 11-ին, մասնավորապես, Թվիթերի իր էջում այդ լուրը դրեց Դոնի Ռոստովում Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության գրասենյակը: Նույն օրը երեկոյան բուլղարացի երգիչը հանդես էր գալու «Եվրատեսիլի» երկրորդ կիսաեզրափակիչում:
Կիսաեզրափակիչից ժամեր առաջ Ուկրաինայի իշխանությունները հայտարարեցին, թե Քրիստիան Կոստովին չեն արգելի ելույթ ունենալ՝ չնայած Ղրիմ կատարած այցելությանը:
Ուկրաինայի սահմանապահ ծառայությունն իր հաղորդագրությունում նշել է, որ Ղրիմ կատարած այցի ժամանակ Քրիստիան Կոստովը անչափահաս է եղել, նա չէր կարող որոշումն ինքնուրույն ընդունել, բացի դրանից օկուպացված տարածքների մասին օրենքը ընդունվել է 2014-ի վերջին:
Նշենք, որ այս օրենքը խախտելու համար են Ուկրաինայի իշխանություններն արգելել ռուսաստանցի երգչուհու մասնակցությունը «Եվրատեսիլին», իսկ բուլղարացի երգիչը Ղրիմ է այցելել, երբ օրենքը դեռ չկար:
Ուկրաինայի իշխանությունները նաև հայտնել են, որ ուսումնասիրում են «Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Արծվիկի՝ Ղրիմ կատարած այցելության մասին լուրերը: