Անվտանգության հետ կապված իրադրությունը փոխվել է, ահաբեկչությունն ամենօրյա սպառնալիք է դարձել. Մերկել
Ահաբեկչությունը Եվրոպային սպառնում է մշտապես: Այդ մասին Բեռլինում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ ամփոփելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ կայացած բանակցությունների արդյունքները:
«Մենք՝ եվրոպացիներս, տեսնում ենք աստիճանաբար փոխվող իրադրությունը, տեսնում ենք, թե մեր հարեւանությամբ ինչպես է ամեն օր դրսեւորվում ահաբեկչական սպառնալիքը»,-ասել է ԳՖՀ-ի կառավարության ղեկավարը:
Կանցլերը հավելել է, որ Գերմանիան հավատարիմ է ահաբեկչությանը հակազդելու նպատակին, ինչի կապակցությամբ ուսուցանում է անվտանգության ուժերին տարածաշրջանում, մասնավորապես Աֆղանստանում: «Մենք խոսքերն ամրապնդում ենք գործողություններով»,-հայտարարել է կառավարության ղեկավարը:
Մերկելը նաեւ հայտնել է, որ Գերմանիան չի պլանավորում ընդլայնել իր մասնակցությունն «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարող արեւմտյան երկրների կոալիցիային նույնիսկ այն դեպքում, եթե ՆԱՏՕ-ն պաշտոնապես միանա գործողությանը:
«Նույնիսկ եթե նման որոշում լինի, դա չի նշանակելու, որ ռազմական այն ակտիվությունը, որն այժմ իրականացնում է Գերմանիան, կուժեղացվի,ասել է նա:Մենք այդ մասին պարզորոշ հայտարարել ենք»,-հաղորդել է ՏԱՍՍ-ը: