Բաժիններ՝

Լրագրողի տանը ոստիկանությունը փնտրել է ծանր հանցագործություն կատարած անձին. tert.am

Քաղաքացիական հագուստով 4 անձ, որոնք ներկայացել են Շենգավիթի ոստիկանության ներկայացուցիչներ, ծանր հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող անձին այսօր առավոտյան փնտրել են civilnet.am-ի լրագրող Արփի Մախսուդյանի տանը: Այս մասին գրել է լրագրողը՝ Facebook-ի իր էջում։

«Հեռացան միայն այն բանից հետո, երբ ասացի, որ փաստաբանիս կկանչեմ, խոստացան անպայման վերադառնալ: Հորդորեցի հաջորդ անգամ գալ խուզարկության թույլտվությամբ»,-գրել է լրագրողը:

Tert.am-ի հետ զրույցում Արփի Մախսուդյանը մանրամասնեց. «Առավոտյան 7.30 էր, մարդ են փնտրում, որը, իբր թե մեր տանն է: Սկզբից ասացի՝ խուզարկելու օրդեր ունե՞ք, ցույց տվեք, խնդրեմ՝ խուզարկեք: Ասացին, որ չունեն, ես ասացի՝ եթե չունեք, ուրեմն՝ իրավունք չունեք: Իրենք՝ դու չէ, որ մեզ պետք է իրավագիտակցություն սովորեցնես: Ասում եմ՝ բարև ձեզ, մինչև օրդեր՝ դատարանի որոշմամբ ցույց չտաք, թույլ չեմ տալու տանս մեջ տեղաշարժվեք: Հետո ասացին, որ սկեսրայրիս բերման կենթարկեն, այն հիմքով, որ խոչընդոտում է մեր օպերատիվ աշխատանքին»,-ասաց Արփին:

Նրա խոսքով՝ այդ պահին երեխան արթնացել է, լաց է եղել, նրան հանգստացնելուց հետո վերադարձել է, տեսել է՝ ոստիկանները սկեսրայրի հետ հանգիստ զրույցում են ու ասում են, որ ուզում են համագործակցել:

Ապա նրանցից մեկը հայտնել է, որ Մոսկվայից հայտնել են, որ ծանր հանցագործություն կատարած անձն իրենց wifi-ով կապվել է ինչ-որ մեկի հետ, հարցուփորձ են արել՝ ճանաչո՞ւմ են տվյալ ազգանունով անձին, ունե՞ն նման ազգական:

Բացասական պատասխան ստանալուց հետո ցույց են տվել կասկածյալի նկարը. «Ինչ-որ մեկի «Օդնակլասնիկի» նկարը, ակնոցներով՝ Ծիծեռնակաբերդում»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս