Խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերն ու այլ պարտադիր վճարներն ավելացել են
Հայաստանի խոշոր հարկ վճարողները 2017 թվականի առաջին եռամսյակում պետբյուջե են վճարել 125 մլրդ 179,3 մլն դրամի հարկեր և այլ պարտադիր վճարներ: ՀՀ հարկային ծառայության հրապարակած տվյալների համաձայն, 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն ավելացել է 13,9 տոկոսով:
Այդ թվում խոշոր հարկատուների կողմից վճարված ԱԱՀ-ն կազմել է 47 մլրդ 261,5 մլն դրամ, որն ավելացել է 10,7 տոկոսով:
2017 թվականի առաջին եռամսյակում նրանց կողմից վճարված շահութահարկը կազմել է 19 մլրդ 802,8 մլն դրամ` 5,7 տոկոսով զիջելով նախորդ տարվա ցուցանիշը: Ակցիզային հարկի վճարը կազմել է 9 մլրդ 206,9 մլն դրամ` ավելանալով 70,8 տոկոսով:
Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանի խոշոր հարկատուները պետբյուջե են վճարել 35 մլրդ 513,2 մլն դրամի եկամտային հարկ, ինչն ավելացել է 6,1 տոկոսով:
83,1 տոկոսով ավելացել է նաև նրանց կողմից վճարվող այլ հարկերի ծավալը` կազմելով 13 մլրդ 394,9 մլն դրամ:
2017 թվականի առաջին եռամսյակում հարկային մարմինների կողմից իրականացվել է 198 հարկային ստուգում, ինչը 14,7 տոկոսով պակաս է նախորդ տարվա ստուգումների քանակից: Հարկային ստուգումների արդյունքում լրացուցիչ առաջադրված գումարները կազմել են 2 մլրդ 209,6 մլն դրամ, ինչն ավելացել է 99,7 տոկոսով: