
«Կառավարությունում կլինեն փոփոխություններ, բայց ոչ էական». Կարեն Կարապետյան

Հայաստանի նոր կազմավորվելիք կառավարությունում կլինեն փոփոխություններ, բայց ոչ էական: Այս մասին «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
«Փոփոխություններ կլինե՞ն, թե չէ՝ կարծում եմ, կլինեն և դուք կտեսնեք: Հիմնական փոփոխություններ լինելո՞ւ են՝ կարծում եմ, այս պահին անհրաժեշտություն չկա, որովհետև մենք 2018 թվականին ունենք նոր կառավարություն ձևավորելու խնդիր: Ընդհանրապես շատ հետաքրքիր ժամանակահատված է, 2016 թվականին կառավարության ծրագիր, 2017-ին ևս, 2018-ին ևս: Այսպիսի երեք տարի երևի չեք գտնի, որ իրար վրա անհրաժեշտ լինի կառավարության ծրագիր հաստատել»,- ասաց վարչապետը՝ ավելացնելով, որ 2018-ին նաև Սահմանադրությունն է սահմանափակումներ մտցնելու՝ կառավարության կառուցվա ծքի մասով և այլն:
«Իսկ որոշակի կառուցվածքային փոփոխությունն իր հետ բերում է որոշակի ֆինանսական ծախսեր: Այդ պատճառով կառուցվածքային մեծ փոփոխություններ չենք անի՝ զուտ տրամաբանությունից ելնելով»,- ասաց նա: Հարցին, գո՞հ է նախորդ ամիսներին իր թիմի կատարած աշխատանքից, Կարեն Կարապետյանը վստահություն հայտնեց, որ իրենք ճիշտ ուղղության վրա են:
«Շատերը բողոքում են, որ ավելի մեծ խնդիրներ ենք դնում, քան հնարավոր է իրագործել: Բայց տեմպերից երևի միշտ էլ դժգոհ ենք լինելու, երբևէ պահ չի գալու, որ ասենք՝ ամեն ինչից գոհ ենք: Հենց այդ պահը գալիս է, որ դուք ամեն ինչից գոհ եք, ուրեմն դա նշանակում է, որ ինչ-որ մի բան այնպես չէ»,- ասաց վարչապետը: