Մխիթարյան ու Մատան՝ պաշտպա՞ն. Անգլիացի վերլուծաբանները չեն հասկանում Մոուրինիոյին
Անգլիայի առաջնության 36-րդ տուրի «Արսենալ»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումում մանչեսթերյան ակումբը պարտվեց 2:0 հաշվով, ինչից հետո Անգլիայում կրկին սկսվեցին խոսակցությունները Մոուրինիոյի ոչ տրամաբանական որոշումների մասին:
Անկեղծության համար պետք է նշել, որ պորտուգալացի մասնագետի թիմում կան վնասվածք ունեցող մի շարք ֆուտբոլիստներ, սակայն անգլիացի վերլուծաբանները նշում են, որ Մոուրինիոյի ձեռքի տակ այնպիսի ֆուտբոլիստներ են, ում կերազեր իր կազմում տեսնել ցանկացած այլ մարզիչ, միայն ոչ Ժոզեն:
«Հիասթափված եմ արդյունքից, ոչ խաղից»,- խաղավարտին նորից ասաց Մոուրինիոն: Արդեն մի քանի խաղ պորտուգալացի մասնագետը կրկնում է այս նույն բառերը:
Sky Sports-ի տաղավարում քննարկումների ժամանակ փորձագետ Ջեյմի Ռեդնափը քննադատաբար է խոսել Մոուրինիոյի մասին՝ նշելով, որ դաշտում կար 250 մլն ֆունտ արժողությամբ թիմ, սակայն 2:0 հաշվից հետո մարզիչը չէր ասել նրանց, թե ինչպես է պետք խաղալ:
Ռեդնափին ապշեցրել է հատկապես այն փաստը, որ Մխիթարյանն ու Մատան խաղում էին պաշտպանության եզրերում: Ըստ Ռեդնափի՝ Եվրոպայում ամենից շատ գոլային փոխանցում անող ֆուտբոլիստը՝ հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, իրավունք չուներ խաղալ պաշտպանությունում, քանի որ դա վատագույն դիրքն է նման արդյունավետ ֆուտբոլիստի համար: Նույնը վերաբերում է նաև Մատային:
Անգլիացի վերլուծաբանները նշում են, որ նման անտրամաբանական որոշումներից հետո շատ հավանական է, որ շուտով մանչեսթերյան ակումբի երկրպագուները պահանջեն պորտուգալացու հրաժարականը:
Սիրարփի Աղաբաբյան