
«Հայ ընտրողն այժմ երաշխիք ունի, որ իր ձայնը չի գողացվի». Պյոտր Սվիտալսկի

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին կարծում է, որ Հայաստանում Ազգային ժողովի ընտրությունների արդյունավետ անցկացման համար Եվրոպական Միության ներդրած գումարները լավ են ծախսվել և տվել են սպասված արդյունքը: Մայիսի 8-ին լրագրողների հետ հանդիպմանը Պյոտր Սվիտալսկին հիշեցրեց, որ ԵՄ ներդրած գումարներով ձեռք են բերվել նույնականացման տեխնիկական սարքավորումներ, տեսախցիկներ, որոնք շատ լավ են աշխատել:
«Զուտ տեխնիկական տեսանկյունից մենք բավարարված ենք: Բնականաբար, եղել են որոշակի խնդիրներ կապված ուղիղ հեռարձակման ընդհատման, մատնահետքերի սարքերի աշխատանքի խափանման հետ, բայց հիմա վերլուծում ենք բոլոր ստացված զեկույցները: Նաև աշխատանքների իրականացմանը հետևող վերահսկող մարմնի եզրակացությամբ՝ տեխնոլոգիաները շատ լավ աշխատել են, քան այլ երկրներում` ավելի լավ, քան ակնկալում էինք»,- նշեց դեսպանը:
Պյոտր Սվիտալսկին հավելեց, որ հայ ընտրողն այժմ գիտի, որ այդ տեխնոլոգիաների կիրառմամբ կարող է երաշխիքներ ունենալ, որ իր ձայնը չի գողացվում: ԵՄ պատվիրակության ղեկավարի խոսքով` ընտրական գործընթացի որոշակի խնդիրներ կան, որոնք պետք է լուծել ապագայում: Նա նշեց, որ ԵՄ-ն պատրաստ է աշխատել կառավարության, պետական կառույցների հետ այն բացերը շտկելու ուղղությամբ, որոնք բացահայտվեցին անցած ընտրությունների ժամանակ: «Բոլորն են ընդունում, որ կան խնդիրներ, որ եղել են զարգացումներ, որոնք պետք է տեղի չունենային: Մեզ համար անցնող ընտրությունները ճանապա րհի վերջը չէին, մենք էլ պատրաստ ենք շարունակել մեր աջակցությունը, սակայն ինչ ձևաչափով, ինչպես` դեռ չգիտենք: Համոզված ենք, որ Հայաստանի կառավարությունը շահագրգռված է շարունակել մեզ հետ համագործակցությունը»,- ընդգծեց Սվիտալսկին
Նրա կարծիքով` Ազգային ժողովի անցած ընտրություններից հետո Հայաստանի հասարակությունը, քաղաքական դասը լուրջ մտածելու և քննարկելու նյութ ունի քաղաքական նոր մշակույթ, քաղաքական առաջնորդություն ձևավորելու համար, որպեսզի երկրում քաղաքական գործընթացները նոր ձև ստանան: