Ադրբեջանի կարծր դիրքորոշումը հաղթահարելու միակ արդյունավետ քայլ է մնացել այդ երկրի հանդեպ պատժամիջոցներ սահմանելը. ՄԱՀՀԻ

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտը (ՄԱՀՀԻ) վերջին ամիսներին ուշիուշով ու մտահոգությամբ հետևում է Երևանում ԵԱՀԿ գրասենյակի ու նրա մանդատի շուրջ ծավալվող զարգացումներին:

ԵԱՀԿ Մշտական խորհրդի ապրիլի 4-ի նիստում նախագահող Ավստրիայի ներկայացուցիչը հայտարարեց, որ չնայած իրենց ներդրած ջանքերին, անհնար է եղել համաձայնության հանգել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մանդատի երկարաձգման շուրջ:

Հայաստանի Հանրապետության ԱԳՆ պաշտոնական մեկնաբանության համաձայն՝ ԵԱՀԿ անդամ մեկ պետություն՝ Ադրբեջանը, իր վետոյով արգելափակել է կառույցի շրջանակներում գրասենյակի մանդատի շուրջ որոշում ընդունելու հարցը, որի արդյունքում փակվում է միջազգային այդ կազմակերպության՝ տարածաշրջանում փաստացի միակը մնացած ներկայացուցչությունը:

Մենք խորապես գիտակցում ենք, թե ինչ հետևանքներ ունեցավ Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի փակումն ինչպես այդ երկրում ժողովրդավարության, այնպես էլ նրա կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների, այդ թվում՝ վեճերն ու հակամարտությունները խաղաղ ճանապարհով կարգավորելու հանձնառության առումներով: 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմը, ընդհանուր առմամբ, ի ցույց դրեց Ադրբեջանի կողմից վեճերն ու հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելու, ուժի կամ դրա սպառնալիքից ձեռնպահ մնալու պարտավորություններից հրաժարումը. պարտավորություն, որն այդ երկիրը ստանձնել է բոլոր միջազգային կազմակերպություններին՝ ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին ու ԵԽ-ին անդամակցելու ժամանակ:

Կարդացեք նաև

Այժմ էլ առավել քան մտահոգիչ ենք համարում Ադրբեջանի կողմից երևանյան գրասենյակի մանդատի շուրջ ստեղծված իրավիճակը, քանի որ դրա փակումը կարող է էլ ավելի անդառնալի հետևանքներ ունենալ թե՛ մեր տարածաշրջանի, թե՛ ողջ Եվրոպայի անվտանգության համար: Իր այս քայլով Ադրբեջանը ոչ միայն փորձում է շանտաժի ենթարկել միջազգային հանրությանը՝ հակամարտությունն իրեն ցանկալի տարբերակով լուծելու համար, այլ նաև թուլացնում է հետհակամարտությունային հասարակությունների ժողովրդավարացման և հակամարտության փոխակերպման, կառավարման ու կարգավորման գործում միջազգային կառույցների ազդեցությունը տարածաշրջանում, վերացնում համապատասխան ծրագրերով ստեղծվող գործիքակազմերը:

Կոչ ենք անում Հայաստանի Արտաքին գործերի նախարարությանը և իշխանություններին ավելի մեծ եռանդ գործադրել բոլոր հարթություններում ու դիվանագիտության բոլոր ձևերով՝ միջազգային ու տարածաշրջանային անվտանգության, կայուն ու խաղաղ զարգացման համար դրա վտանգավորությունը միջազգային հանրությանն ու կազմակերպություններին հասցնելու ուղղությամբ:

Դիմում ենք ԵԱՀԿ նախագահող Ավստրիայի իշխանություններին և ԱԳՆ-ին վճռական քայլեր ձեռնարկել ԵԱՀԿ որոշումը, որին կողմ են անդամ բոլոր պետությունները՝ բացառությամբ մեկի, Ադրբեջանի պատանդառությունից հանելու և խնդրին շուտափույթ լուծում տալու ուղղությամբ:

Թերևս Ադրբեջանի կարծր դիրքորոշումը հաղթահարելու միակ արդյունավետ քայլ է մնացել այդ երկրի հանդեպ պատժամիջոցներ սահմանելը, հատկապես, երբ ԵԱՀԿ նախագահությունը, մասնակից երկրները, քարտուղարությունը կողմ են երևանյան գրասենյակի գործունեության շարունակվելուն:

Սույն հայտարարությամբ նաև դիմում ենք ԵԱՀԿ բոլոր անդամ պետություններին, նրանց քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ ակնկալելով հավուր պատշաճի գնահատել իրավիճակն ու ջանքեր գործադրել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մանդատի երկարացման խնդրին լուծում տալու ուղղությամբ:

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)

Տեսանյութեր

Լրահոս