«Հնարավոր չէ, որ կաթի արտադրությունն աճի, վերամշակումը` նվազի». Արմեն Գիգոյան
«Հնարավոր չէ, որ կաթի արտադրությունն աճի, վերամշակումը` նվազի: Վիճակագրությունում ինչ-որ բան սխալ է»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց Պանրագործների միության ղեկավար Արմեն Գիգոյանը` մեկնաբանելով պաշտոնական ցուցանիշները, ըստ որոնց՝ այս տարվա առաջին եռամսյակում նվազել են մի շարք կաթնամթերքների արտադրության ծավալները. մածունի արտադրությունը` ավելի քան 10 %, կաթնաշոռինը` 5%, թթվասերինը՝ 22 %, յոգուրտինը` 66 %, և այլն, իսկ կաթի արտադրությունը 0.4 %-ով աճել է:
Ըստ նրա` տարվա առաջին 3 ամսում կարող է կաթի արտադրության աճ լինել անցած տարիների համեմատ, բայց միակ ուղղությունը, ուր գնում է կաթը, վերամշակումն է, նաև որոշ չափով անձնական օգտագործման համար է սպառվում: Ա.Գիգոյանի խոսքով` անձնական օգտագործման համար սպառվող կաթի չափը միշտ կայուն է, այսինքն` վիճակագրությունը չի վերաբերում անձնական օգտագործման կաթին:
«Եթե կաթ ավել է արտադրվել, այն պետք է գնա վերամշակման: Բայց մինչև հիմա մեր պանրագործների խնդիրն այն է, որ բավարար չափով կաթ չկա, շուկայում կաթնամթերքի պահանջարկը շատ ավելին է: Ըստ այդմ` կարելի է եզրակացնել, որ տվյալները ճշտման կարիք ունեն»,- ասաց Ա.Գիգոյանը: