Բաժիններ՝

Մերկելը Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի լավագույն միջոց է համարում տարածաշրջանային ուժերով կոալիցիաների ձևավորումը

Տարածաշրջանային ուժերի ներգրավմամբ կոալիցիաների ձևավորումն ահաբեկիչների դեմ պայքարի լավագույն միջոցն է: Ինչպես հաղորդում է ՏԱՍ­-ը, այս մասին ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը իր ամենշաբաթյա տեսաուղերձում, որը հրապարակվել է Գերմանիայի կառավարության պաշտոնական կայքում:

«Եթե որպես օրինակ վերցնենք Սիրիան և իսլամիստական ահաբեկչության դեմ պայքարը, ապա ես կարծում եմ, որ ամենաճիշտ միջոցը կոալիցիաների ձևավորումն է, որում ներգրավված կլինեն նաև տարածաշրջանային ուժերը, մասնավորապես` Պարսից ծոցի երկրները»,­-ասել է Մերկելը` հավելելով, որ այս հարցում ՆԱՏՕ-­ն չպետք է միայնակ լինի:

Նա հավելել է, որ նման կոալիցիաների ձևավորումը լավագույն պատասխանը կլինի ահաբեկչությանը: Մերկելն ընդգծել է, որ ՆԱՏՕ-­ն հատկապես Աֆղանստանում իրականացրած գործողություններով ցույց է տվել, որ ակտիվ դերակատարություն ունի իսլամիստների դեմ պայքարում:

Միևնույն ժամանակ, անգելա Մերկելը դեմ է արտահայտվել, որ ՆԱՏՕ-­ի անդամ երկրների միջև ըստ տարածաշրջանների պարտավորությունների բաժանում լինի, օրինակ` ԱՄՆ­-ն և Կանադան ապահովեն Հյուսիսային Ամերիկայի անվտանգությունը, իսկ եվրոպական գործընկերները` Եվրոպական Միության անվտանգությունը:

«Ես կարծում եմ, որ մենք այս եղանակով չպետք է բաժանենք պարտավորությունները: Ես կարծում եմ, որ ՆԱՏՕ-­ն պետք է մնա ՆԱՏՕ»-ընդգծել է Գերմանիայի կանցլերը:

Նա նշել է, որ անվտանգության ոլորտում եվրոպական քաղաքականություն գոյություն ունի և այն պետք է համապատասխանի ՆԱՏՕ-­ի քաղաքականությանը: Մերկելի գնահատմամբ` հարկավոր է միասին գործելու կարողություն ունենալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս