Մոսկվայի ադրբեջանական ապտակը

Երեկ պաշտոնապես հաստատվեց այն տեղեկությունը, որը շրջանառվում էր ամիսներ շարունակ՝ փակվում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակը։ Պաշտոնապես՝ փակվում է ԵԱՀԿ-ում Ադրբեջանի վետոյի պատճառով. Բաքուն, որպես ֆորմալ պատրվակ՝ ներկայացրել է շփման գծում գրասենյակի կողմից իրականացվող ականազերծման ծրագիրը, որը, ըստ ադրբեջանական կողմի, հակասում է իրենց շահերին։ Այս պատմությունը, իհարկե, ունի բազմաթիվ իրավական, ընթացակարգային նրբերանգներ։

Սակայն Հայաստանի համար շատ ավելի կարևոր լինելով՝ վտանգավոր է այն իրողությունը, որ Ադրբեջանը՝ թեկուզ ֆորմալ հիմնավորմամբ, կարողանում է «փակել տալ» ԵԱՀԿ երևանյան գրասենյակը։ Կարողանում է, որովհետև ի թիվս այլ պատճառների՝ ամիսներ շարունակ հայկական դիվանագիտությունը, ըստ էության,  ջանքեր չի գործադրել, կամ, եթե գործադրել է, ապա դրանք բավարար ջանքեր չեն եղել Հայաստանի համար կենսական կարևորություն ունեցող ղարաբաղյան հարցի կարգավորման հիմնական դերակատար կազմակերպության՝ ԵԱՀԿ գրասենյակի փակումը թույլ չտալու համար։

Որովհետև դրանով զբաղվելու փոխարեն՝ Հայաստանի առնվազն խորհրդարանական դիվանագիտությունն էյֆորիաների մեջ էր ԵԽ ԽՎ նախագահ Ագրամունտի հրաժարականի առիթով, որովհետև այդ դիվանագիտության ներկայացուցիչներն իրենց ներշնչել էին, որ կոռումպացված եվրոպացի պաշտոնյայի հրաժարականը իբրև թե նաև իրենց աշխատանքի արդյունքն է։

Իսկ երբ հիշում ենք, որ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավարն անգերազանցելի ռուսասեր Արտաշես Գեղամյանն է, ամեն ինչ ավելի պարզ է դառնում։

Ու նաև այդ համատեքստում շատ հիմնավոր են թվում փորձագիտական այն կարծիքները, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակման իրական պատվիրատուն հետխորհրդային տարածքում արևմտյան ամենայնի դեմ պայքարող ու Արևմուտքի հետ որևէ աղերս ունեցող կառույցներին հեռացնող Ռուսաստանն է, որը դա արել է Ադրբեջանի միջոցով։ Այնպես որ, Մոսկվան կամ Մոսկվան ու Ադրբեջանը միասին արձանագրում են Հայաստանի շահերի դեմ ուղղված իրենց հերթական հաղթանակը։

 

Տեսանյութեր

Լրահոս