Բաժիններ՝

Չե՞ն հրավիրում, թե՞ չի գալիս. Դավիթ Յուրչենկո

Վերջին օրերին կրկին ակտիվացան խոսակցությունները հայազգի դարպասապահ Դավիթ Յուրչենկոյի՝ Հայաստանի ազգային հավաքականում խաղալու մասին: Յուրչենկոյի՝ հավաքականի հրավերը մերժելու մասին խոսվում է արդեն մի քանի տարի. հայ դարպասապահը նշում էր, որ ցանկանում է խաղալ Ռուսաստանում:

Նախապատմություն

Յուրչենկոն երբեք չի նշել, որ ցանկանում է հանդես գալ Հայաստանում: Նա նշել է, որ իր մորական կողմը կապեր ունի Հայաստանի հետ, բայց նա այնքան էլ կապված չէ այդ երկրի հետ:

«Ես դեռ ունեմ առաջարկ Հայաստանի ազգային հավաքականից: Բայց այդ մասին արդեն խոսել եմ: Իմ նպատակն է Ռուսաստանի հավաքականում խաղալը: Եվ այն պահին, երբ նման որոշում էի կայացնում, լեգեոնականների հարցն այդքան լուրջ չէր և չի ազդել մերժմանս վրա:

Կարդացեք նաև

Ինչպես արդեն ասել եմ՝ չեմ վախենում մրցակցությունից: Ինձ համար Ռուսաստանը հայրենիք է, այստեղ եմ բնակվում 8 տարեկանից: Ցանկանում եմ ապացուցել, որ կարող եմ հանդես գալ իմ երկրի հավաքականի մակարդակով»,- նշել է Յուրչենկոն 2016 թվականի փետրվարին Մախաչկալայի «Անժիի» պաշտոնական կայքի հետ զրույցում:

Ի՞նչ են խոսում կողմերը հիմա

Օրերս կրկին  Մախաչկալայի «Անժիի» պաշտոնական կայքի հետ զրույցում դարպասապահը խոսել է հավաքական հրավիրվելու մասին:

Դավիթ Յուրչենկոն նշել է, որ չի մերժել հավաքականին, պարզապես զրույց է եղել, որտեղ ինքը հայտնել է, որ ցանկանում է հանդես գալ հավաքականի կազմում: Ըստ Յուրչենկոյի՝ ինչ-ինչ պատճառներով գործը չհասավ թղթաբանությանը կամ պաշտոնական հրավերին:

Հայաստանի  ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը մեկ անգամ չէ, որ նշել է, որ ցանկանում է  Յուրչենկոյին տեսնել Հայաստանի հավաքականում: Յուրչենկոյի հարցազրույցից հետո Ռուբեն Հայրապետյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ կրկին բարձրաձայնելով իր ցանկության մասին:

«Այն պահից ի վեր, երբ իմացել ենք, որ Դավիթ Յուրչենկոն հայազգի է, և հնարավորություն ունի հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում, ջանք չենք խնայել և բազմաթիվ քայլեր ենք արել նրան Հայաստանի ազգային հավաքական հրավիրելու կապակցությամբ:

Նրա համար խոչընդոտ էր հանդիսանում այն հանգամանքը, որ հանդես գալով Հայաստանի ազգային հավաքականում՝ Ռուսաստանում կհամարվեր լեգեոներ: Բացի այդ, Դավիթը հույս ուներ հանդես գալ Ռուսաստանի ազգային հավաքականում:

Հիմա մեկ անգամ ևս ուզում եմ հայտարարել, որ ինչպես ես, այնպես էլ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը, պատրաստ ենք ևս մեկ անգամ հրավիրել Յուրչենկոյին Հայաստանի ազգային հավաքական, որի դռները միշտ բաց են նրա համար:

Մենք գրկաբաց սպասում ենք, որ Յուրչենկոն կընդունի մեր հրավերը և կմիանա Հայաստանի ազգային հավաքականին»,- նշել է Ռուբեն Հայրապետյանը:

Այս հայտարարությունից հետո Յուրչենկոն նշել է, որ հրավերի դեպքում իր որոշումը կախված կլինի հետագա բանակցություններից:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս