«Ադրբեջանի ձեռքերով Ռուսաստանը փակել տվեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակը». Ռուբեն Մեհրաբյան

Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակման հարցում Ռուսաստանի գործոնն է տեսնում։

168.am-ի հետ զրույցում նա ասաց, որ Ռուսաստանը ձգտում է՝ եվրոպական և եվրաատլանտյան բոլոր կառույցները՝ կապված անվտանգության, անվտանգության մոնիտորինգի հետ, դուրս հանել հետխորհրդային տարածքից. «Ադրբեջանի ձեռքերով Ռուսաստանը փակել տվեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակը։ Այս ընդհանուր գործընթացն ունի միայն մեկ շահառու։ Երևանում գործող ԵԱՀԿ գրասենյակը, մեծ հաշվով, Բաքվի համար ո՛չ տաք էր, ո՛չ սառը, և Բաքվի համառությունն այս իմաստով որևէ բացատրության ենթակա չէ, բացի նրանից, ինչ ես ասացի։ Փաստորեն, մենք ականատես ենք մի բանի, երբ այդ կոնսենսուսի սկզբունքը Բաքուն չարաշահում է Ռուսաստանի դրդմամբ և Ռուսաստանին մեծ լավություն է անում։ Ռուսաստանը չի առարկում, այնպես, ինչպես չառարկեց, երբ Բաքուն փակեց ԵԱՀԿ իր մոտի գրասենյակը, և մենք գործ ունենք հստակորեն ձևավորված այն տենդենցի հետ, որ հետխորհրդային տարածքից դուրս են բերվում արևմտյան կառույցները կամ Արևմուտքի հետ կապ ունեցող կառույցները»։

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելության գործերի ժամանակավոր հավատարմատար Քեյթ Բըրնսի հայտարարությանը, թե՝ ցավում են, որ Ադրբեջանը հրաժարվել է համաձայնել մանդատը երկարաձգել, եթե գրասենյակը չդադարեցնի իր գործունեությունը հումանիտար ականազերծման շուրջ, և թե՝ Հայաստանը փոխզիջման ոգով համաձայնել է, որ երևանյան գրասենյակը վերջ տա իր այդ գործունեությանը, նա նշեց, որ Երևանը նպատակ ուներ, որ այդ գրասենյակը շարունակի գործել Հայաստանում, և այդ գրասենյակի գործունեության դեմ ֆորմալ առումով հանդես էր գալիս Բաքուն, ու նրա առարկության առարկան հենց այդ ականազերծման ծրագիրն էր։

«Թե ինչու էր դրան դեմ, ի վերջո, խոսքը հումանիտար ականազերծման մասին է, դա այլ քննարկման հարց է։ Երևանն ասաց՝ շատ լավ, այդ դեպքում թող գրասենյակը մնա, այդ մի գործունեությունը, որը ձեր առարկությունն է հարուցում, կհանենք միջից, թող մնացած այլ գործունեությամբ զբաղվի, քանի որ ԵԱՀԿ գրասենյակը բազմաթիվ այլ գործառույթներ էր կատարում։ Բայց մենք տեսանք, որ Բաքվի համար դա ընդամենը պատրվակ էր»։

Խոսելով ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակման հետևանքների մասին՝ նա նշեց, որ Արևմուտքի գործիքակազմը բավականին բազմազան է. «Պրոբլեմ չեմ տեսնում, որ հետագայում դա ինչ-որ ճակատագրական հետևանքներ կունենա, բայց պրոբլեմ եմ տեսնում նրանում, որ այլընտրանքային ճանապարհներով այդ համագործակցությունը զարգացնելու ճանապարհին այսօր Արևմուտքը Հայաստանում, ցավոք, չունի հուսալի գործընկեր։ Կամ ունի, բայց ոչ այն մասշտաբի, որ ի զորու կլինի առաջ տանել այդ համագործակցությունը, որը կունենա համապետական կամ տարածաշրջանային մասշտաբի հետևանքներ։ Մենք տեսնում ենք, որ մեր իշխանությունները երկակի խաղ են խաղում, որ, օրինակ՝ խոսում են Մինսկի խմբի ձևաչափի՝ միակը լինելու մասին, բայց վեր են կենում ու գնում ակնհայտորեն վնասաբեր եռակողմ ձևաչափով հանդիպմանը, որը, պարզ է՝ ռուսները նախաձեռնում են արևմտյան համանախագահներին գործընթացից հնարավորինս հեռացնելու կամ լծակները մոնոպոլիզացնելու համար։ Եվ դա արվում է միմիայն և բացառապես Հայաստանի շահերի հաշվին։ Ես հասկանում եմ՝ ինչ է շահում Ադրբեջանը դրանից, և ակնհայտ է՝ ինչ է շահում Ռուսաստանը դրանից, բայց ակնհայտ է, որ ամեն ինչն արվում է հայկական շահերի հաշվին։ Սա է խնդիրը, թե չէ Արևմուտքն աշխատելու բազմաթիվ եղանակներ ունի և կունենա, բայց աշխատելու համար դաշտ է պետք»։

Ըստ նրա՝ այս ամենը Հայաստանի պասիվության և ռեֆլեկտիվ դիվանագիտության հետևանք է. «Մինչև չբզեն՝ չեն շարժվի, շարժվելիս էլ պոստ ֆակտում են շարժվում։ Փաստորեն, մենք կարող ենք արձանագրել, որ ապրիլյան պատերազմից՝ մեր անվտանգության սպառնալիքների վերագնահատման, վերանայման առումով, քաղաքական, արտաքին քաղաքական իմաստով, որևէ դաս մենք չքաղեցինք, և այսօր հայկական դիվանագիտությունը շարունակում է գնալ ու կանգնել նույն ռուսական փոցխի վրա և կոթով ստանալ ճակատին։ Հերթական կոթի հարվածն էլ սա էր, դե, կերե՛ք, անուշ լինի»։

Տեսանյութեր

Լրահոս