«2018թ. դրությամբ ո՛չ նոր պատերազմի, և ո՛չ էլ Արցախն ամբողջությամբ կորցնելու հեռանկար աշխարհում ոչ ոք չուներ. նույնիսկ Բաքվում կամ Անկարայում այդ մասին չէին կարող պատկերացնել»

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլը չի հոգնում մանիպուլյանել 2018թ. դրությամբ արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը՝ հղում անելով և աղավաղելով նաև 2017թ. ապրիլի 17-ին ԱԺ ամբիոնից Սերժ Սարգսյանի հայտնած մտահոգությունները:

Մենք էլ չենք հոգնելու շարունակ պարզաբանել բանակցային իրականությունը, և պնդել, որ 4500 տարվա հայկական Արցախը կործանած և ամբողջությամբ հայաթափած անձը՝ եղել և լինելու է ձախողումների միակ պատասխանատուն ու մեղավորը:

2018թ. դրությամբ, բանակցային գործընթացում թե՛ Հայաստանի, թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, և թե՛ միջազգային հանրության համար անվերապահորեն գոյություն ուներ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամարտահայտման և ինքնորոշման իրավունքի իրացումը (տես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երեք երկրների նախագահների հինգ համատեղ հայտարարությունները):

2018թ. դրությամբ անվերապահորեն գոյություն ուներ խնդիրը միայն խաղաղ կարգավորմամբ լուծելու միջազգային լեգիտիմ պահանջը:

2018թ. դրությամբ անվերապահորեն գոյություն ուներ խնդիրը փոխզիջումային տարբերակով լուծելու՝ բոլոր կողմերի ընկալումը:

2018թ. դրությամբ անվերապահորեն գոյություն ուներ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի վրա հրադադարի ռեժիմի խախտումների արձանագրման միջազգային մեխանիզմների ներդրման գործընթացը, ինչը փաստացի բացառելու էր պատերազմի հավանականությունը:

2018թ. դրությամբ ո՛չ նոր պատերազմի, և ո՛չ էլ Արցախի Հանրապետությունն ամբողջությամբ կորցնելու հեռանկար աշխարհում ոչ ոք չուներ: Նույնիսկ Բաքվում կամ Անկարայում այդ մասին չէին կարող պատկերացնել:

Նիկոլը որևէ փաստ, առիթ կամ պատճառ չունի, իր ձախողումները նախկին իշխանութունների վարած քաղաքականության հետ կապելու համար: Քանի որ արել է ամեն ինչ, այսօրվա աղետալի և կործանարար իրավիճակը ստանալու համար:

Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին արցախյան հիմնախնդրի կարգավորման, Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովման, ՀՀ գլոբալ անվտանգության ապահովման, ինչպես նաև Հայոց Ցեղասխանության միջազգային ճանաճման գործընթացները եղել են Հայաստանի Հանրապետության առաջնահերթությունները:

ՔՊ-ական կառավարիչներն այս ամենը ֆունդամենտալ կերպով ձախողելուց հետո, հասել են Հայաստանի Հանրապետության գոյությունը վտանգելուն և չեն էլ թաքցնում դա:

Հ.Գ. Ես չեմ ճանաչում մի երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության և պաշտպանվածության երաշխիքը համարի սահմանին տնկած սյուները: Սա նոնսենս է, ժամանակակից աշխարհի համար ծիծաղելի ողբերգություն:

Սա, ոչ թե, ինչպես Նիկոլն է ասում՝ «ֆորպոստից ազատվելու» գործընթաց է, այլ պետությունը բոլոր արտաքին ուժերից և բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է: Սրա հետևանքը կարող է լինել այն, որ որոշ ժամանակ հետո մեր կամ հաջորդ սերունդները խնդրեն, որպեսզի ինչ-որ մեկի ֆորպոստը դառնան»:

Տեսանյութեր

Լրահոս