Սիրելի Բրիջիդ Բարդո
Անկեղծ ասած, երբեւէ մտքովս չէր անցել, թե օրերից մի օր ստիպված կլինեմ նամակ գրել Ձեզ, հատկապես, որ վաղուց արդեն դուրս եմ եկել այն տարիքից, երբ կինոսավանի սերերին երկու բառ գրելու ցանկությունը մի կերպ հաղթահարվում էր հասցեի անգիտությամբ։ Հիմա էլ, ճիշտն ասած, չգիտեմ Ձեր հասցեն, բայց անափ վրդովմունքս, ես կասեի, նույնիսկ՝ զայրույթս, ստիպում են գրիչ վերցնել ու գրել… թեկուզ անորոշ հասցեով։
Վրդովմունքիս պատճառը, կարծում եմ, պարզ է։ Այսինքն՝ պարզ է, որ ոչ միայն ես, այլեւ համայն հայ ժողովուրդը Ձեզանից նման բան չէր սպասում։ Դե, խոսքը Ձեր, գուցե, անզգույշ այն արտահայտության մասին է, թե իբր մեր երկիրն ապագա չունի։ Բայց, ի տարբերություն մնացյալ համայն հայ ժողովրդի, ես վրդովված կամ զայրացած եմ ոչ թե «անապագա» որակման համար, այլ՝ որովհետեւ Դուք նման պատասխանատու հայտարարություններ եք անում՝ հիմնվելով միայն այն փաստի վրա, թե Հայաստանում հալածում ու սպանում են փողոցային շներին, եւ Ձեր անհիմն այդ հայտարարությամբ ստիպում եք շատերին քամահրանքով ասել. «Պահ, պադումայեշ…փողոցային շներ…»։
Ձեր բախտն, իհարկե, սիրելի Բրիջիդ (կարելի է, չէ՞, Ձեզ այդպես դիմել), ուրեմն Ձեր բախտը, սիրելի Բրիջիդ, բերել է, որովհետեւ «168 Ժամ» թերթում Ձեր խոսքերի ի հայտ գալը համընկավ երկու այնպիսի կարեւոր իրադարձության հետ, որ պարզապես, ասում եմ, բախտավոր եք, մեր հանրությունը չհասցրեց ուշադրություն դարձնել Ձեր խոսքերի վրա։ Այդ օրերին մեր երկրում, որը Դուք հավանաբար, անզգուշորեն անվանում եք անապագա, սկսվում էր Ռուսաստանի Դաշնության տարին։ Եվ ինչպե՜ս էր սկսվում։ Ռուսաստանի վսեմաշուք նախագահ Վլադիմիր Պուտինի ներկայությամբ։ Ձեր հայտարարությունն ուշադրության չարժանացավ եւ չէր կարող արժանանալ, որովհետեւ Պուտինն իր վսեմաշուք ներկայությամբ մեկ անգամ եւս հաստատեց բանաստեղծի անմահ խոսքերն առ այն, թե «Կանք, պիտի լինենք ու դեռ շատանանք»։ Սա՝ մեկ։ Երկրորդը, սիրելի Բրիջիդ, մեր հանրությունն այդ օրերին զբաղված էր մի այլ կարեւոր գործով, որն իր բովանդակությամբ ու որակով փողոցային շների որս է հիշեցնում։ Բանն այն է, որ մեր հայրենակից… ոչ, ոչ, մի շտապեք… ոչ Անդրե Աղասին, ոչ Ձեզ քաջ հայտնի Ազնավուրը, ոչ էլ ֆուտբոլիստ Ջորկաեֆը… մեր հայրենակից Ֆիլիպ Կիրկորովը հանդգնել է առանց համապատասխան թույլտվության լինել Թուրքիայում եւ հերիք չի՝ գնացել է այդ թշնամական երկիրը, հանդգնել է նաեւ թուրքական դրոշի պատկերով շապիկ հագնել ու երգել թշնամական երգեր։ Ու հիմա այդ նույն, այլեւս երեւի ոչ մեր հայրենակից, Ֆիլիպը մարմնի համապատասխան մասի մաշկը երեսին քաշած գալիս է Երեւան, եւ այն էլ՝ ե՞րբ. ոչ ավել, ոչ պակաս, ապրիլ եղերական ամսին, երբ մեր երկիրը պատրաստվում է հանդիսավորապես նշել Ցեղասպանության 90-րդ տարելիցը։
Այստեղ, իմիջիայլոց, ուզում եմ հիշել մեր խորհրդարանի պատգամավորներից մեկի շատ դիպուկ համեմատությունը, որն արվել է մեր ու ձեր մտակերտվածքը (մենթալիտետ) տարբերակելու համար։ Նա ասում էր. «Դուք կերեք ձեր ժուլիենը, մենք մեր քյաբաբն ենք ուտում»։ Մարդը երեւի իրավացի էր, որովհետեւ, առանց հանգամանքների մեջ խորանալու, խնդրում եմ չվիրավորվեք, սիրելի Բրիջիդ, շատ հաճախ մեզ դասեր, ավելին՝ որակումներ եք տալիս։
Օրինակ, Դուք գիտե՞ք, որ մեր ժողովուրդը հարեւան թուրքերին «շուն թուրք» է անվանում եւ պատրաստ է ամենահարմար առիթի դեպքում գնդակահարել այդ «շներին»։ Ա՛յ, տեսնո՞ւմ եք, չգիտեք ու խոսում եք ու խոսում ինչ-որ փողոցային շների մասին։
Կամ գիտե՞ք, որ էներգետիկ ճգնաժամի տարիներին անտառների մի մասը շատ հարգելի պատճառով կտրելուց հետո, մեր ժողովուրդն անցել է մյուս մասը կտրելուն։ Եվ հավանաբար երեկ չէ առաջին օրը Ձեր գնած նոր աթոռը պատրաստված է հայկական փայտանյութից, որովհետեւ, այստեղ ասում են, թե այն եվրոպաներում եւ անգամ չինաստաններում մեծ պահանջարկ ունի։
Կամ գիտե՞ք, որ Երեւանում (դա մեր երկրի մայրաքաղաքն է) հետեւողականորեն ոչնչացվում է ամենայն ինչ, որ կանաչ է, նույնիսկ՝ դոլարը, որը մի քանի ամիս առաջ 600 արժեր, իսկ հիմա 450-ից էլ պակաս է։ Հիմա կմտածեք, թե ավելորդ բաներով ծարաբեռնում եմ Ձեզ, բայց մի շտապեք, որովհետեւ ես նոր-նոր մոտենում եմ բուն թեմային։
Ուրեմն այն հեռավոր տարիներին, սովետական ժամանակաշրջանում, երբ Ձեր մասնակցությամբ ֆիլմեր էին գալիս Երեւան ու մենք էլ երկար հերթեր չկանգնելու համար այդ ֆիլմերը նայում էինք ավելի ուշ եւ ավելի ցածր կարգի կինոթատրոններում, եւ Ձեր գեղեցկությունն, ի դեպ, ընկալում որպես բուրժուական առաջընթացի ու հաջողակության խորհրդանիշ, այդ ժամանակ մեր քաղաքում քչերն էին տանը շուն պահում։ Պահում էին ամենաապահովները, իսկ նրանք սովետական ժամանակաշրջանում քիչ էին եւ ոչ ենթակա սոցիալական ցնցումների։ Այդ ժամանակ Երեւանում եւ այլուր շատ տարածված էր բակում շուն պահելը։ Ինքս բակապահ մի քանի շուն եմ ունեցել, եւ նրանց հետ կապված բազմաթիվ հաճելի հիշողություններ ունեմ։ Նրանց պահելը շատ հեշտ էր։ Շներն ապրում էին մեր խոհանոցի մնացորդների հաշվին։ Նրանք կուշտ էին ու հավատարիմ։
Շների համար նախատեսված հատուկ կերերի մասին մենք իմանում էինք բուրժուական ֆիլմերից, եւ քանի որ մեզ էլ շատ բան չէին ասում, մենք էլ այդ մասին չէինք պատմում մեր շներին։ Այսպես ուրախ ու երջանիկ ապրում էինք մինչեւ Սովետական Միության փլուզումը։ Հետո, որքան էլ տարօրինակ թվա, կյանքի պայմանների վատթարացման հետ տանը շուն պահողները շատացան։ Նրանք, ովքեր պատահաբար 15 րոպեով հարստանում էին, անմիջապես որոշում էին շուն պահել, եւ 15 րոպե անց սնանկանալով՝ տնից դուրս նետում այդ «ավելորդ բերանները»։ Նախկին բակատերերն էլ այլեւս փողոցից շուն չէին բերում, որովհետեւ, ասացի, մեր երկրում մի քանի ամսում դոլարի կուրսը կարող է ընկնել մեկ քառորդով, եւ այդ դեպքում բնականաբար առաջին հերթին կրճատվելու են շների համար նախատեսված ծախսերը, եւ փողոցներում շատանալու են անտեր ու թափառական շները։
Ինչ վերաբերում է այդ անպաշտպան կենդանիներին մի տեղ հավաքելուն, նրանց բուժելուն ու խնամելուն, ասեմ, որ միայն վերջերս է մեզանում սկսել արծարծվել անօթեւան մարդկանց խնդիրը, եւ կառավարությունը ծույլ շարժումներ է անում, որպեսզի այդ մարդկանց համար կացարան կառուցի, որտեղ նրանք կգիշերեն, մի քիչ կուտեն ու երբեմն բժշկական օգնություն կստանան։
Սիրելի Բրիջիդ, ես հասկանում եմ, որ իմ ազնիվ համաքաղաքացուհիներն ուղղակի անհարմար են զգացել Ձեզ բացատրել այս ամենն ու ձեռնարկել են իրենց ուժերից վեր մի գործ, որն ամենայն հավանականությամբ ոչ մոտ ու ոչ էլ հեռու ապագայում ոչ մի աջակցություն չի ունենա, որովհետեւ, հասկանում եք, ավելի կարեւոր խնդիրներ կան։
Ես այդ աղջիկների փոխարեն այլ կերպ կվարվեի, կասեի, գիտե՞ք, հետո՛ ինչ, որ մենք ապագա չունենք, բայց մենք հաստատապես ունենք փառավոր անցյալ, եւ Ձեզ կհրավիրեի Հայաստան՝ մեր դարավոր մշակույթը ցույց տալու։ Անկեղծ ասած, ես հիմա էլ հրավիրում եմ։
Կարոտով՝ Տ.Պ.
«168 Ժամ» թերթ
12.05.2005թ.