Բաժիններ՝

«Ցրտահարված կարտոֆիլը կարելի է վերականգնել. եթե շտապ ազոտական պարարտանյութ տան, բերքի 90% կփրկվի». Հրաչ Բերբերյան

Ցրտահարություն եղել է Արմավիրում, Արարատում, Շիրակում, լուրջ վնաս է հասցվել Իջևանի, Նոյեմբերյանի պտղատու այգիներին։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը։

«Ցրտահարված կարտոֆիլը կարելի է վերականգնել, եթե որակյալ պարարտանյութ տանք գյուղացուն։ Եթե շտապ ազոտական պարարտանյութ տան ցրտահարությունից հետո, ապա բերքի 90 տոկոսը կփրկվի։ Բայց, ցավոք, Հայաստան է ներկրվում անորակ վրացական պարարտանյութ, որի 34% ազոտն ապահովված է, բայց ազդող նյութը 14%-ից չի անցնում։ Այսինքն՝ այստեղ մեծ զեղծարարություն է արված։

Եթե պարսկական կամ ռուսական պարարտանյութի անալիզի արդյունքները ցույց են տալիս մինչև 50% ազոտի պարունակություն, և ազդող նյութը՝ 34%, ապա վրացականի ազդող նյութը միշտ էլ չի համապատասխանել իր պարամետրերին»,- ասաց նա՝ ընդգծելով, որ այսօր «այդ աղբը կապել են հայ գյուղացու վրա»։

Բերբերյանն ընդգծում է՝ նախորդ տարվա համեմատ՝ այս տարի Հայաստան ներկրված պարարտանյութի քանակը 5-8 անգամ պակաս է. «Դրա պատասխանն ո՞վ պետք է տա՝ չգիտենք»։

Հետաքրքրվեցինք, թե ո՞վ է ներկրել վրացական պարարտանյութը։ «Այն մարդիկ, որոնք Գյուղնախարարության հետ բարիդրացիական հարաբերությունների մեջ են, և ովքեր շահել են տենդերները։ Եթե Գյուղնախարարությունը որակի մասին մտածում էր, թող այդ պարարտանյութի որակը ստուգեր»,- պարզաբանեց մեր զրուցակիցը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս