«Անիմաստ և անհեթեթ միջոցառում է». Արարատ Մկրտչյանը՝ Լևոն Ալթունյանի հայտարարության մասին. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Առանց որևէ հայեցակարգի, հարկերի միջոցով հավաքագրված պետական բյուջեի միջոցները տանել և կամավոր ապահովագրական ընկերությունների միջոցով առողջապահական ծրագրեր ֆինանսավորել պետական առողջապահական գործակալության դեպքում, ինձ թվում է՝ անիմաստ և անհեթեթ միջոցառում է»- «Փաստի» հետ զրույցում անդրադառնալով ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի հայտարարությանը, ասաց առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը:
Նշենք, որ նախարար Ալթունյանը, ըստ նախարարության տարածած հաղորդագրության, ասել է. «Հոկտեմբերից մեր երկրում կներդրվի սոցիալապես անապահով և առանձին խմբերի բնակիչների բժշկական ապահովագրությունը։ Նրանց բժշկական ծառայություններ կմատուցեն բուժաշխատողները, իսկ վճարումը կկատարեն ապահովագրական ընկերությունները։ Մեր խնդիրն է, որ ստեղծված այս նոր իրավիճակում բողոքի դեպքում քաղաքացին իմանա, թե ում պետք է դիմի»:
Ըստ նախկին նախարար Արարատ Մկրտչյանի՝ եթե կառավարությունը պարտադիր բժշկական ապահովագրության խնդիր է ուզում լուծել, պետք է առաջին հերթին հայեցակարգ մշակի և ներկայացնի քննարկման, քաղաքացիական հասարակությունը պետք է իրազեկված լինի:
«Դառը էդպիսի փորձ ունեցել ենք: Այն ժամանակ էլ` 2012 թվականին, անօրինական քայլ արեցին, և հետևանքը եղավ այն, որ պետությունը նախնական գնահատականներով մոտավորապես 5 միլիարդ դրամի գերշահույթ ապահովեց մասնավոր ապահովագրական ընկերությունների համար, այդ թվում՝ պարոն Ալթունյանի կողմից ստեղծված և ղեկավարված ապահովագրական «Ինգո Արմենիա» ընկերության: Ես միտում եմ տեսնում` ապահովագրական ընկերություններ ուղղել պետական ֆինանսական միջոցները:
Եվ որքանով են իրենք կարողանալու այդ միջոցները արդյունավետ օգտագործել, հարց է: Կա միջազգային փորձ, երևի փորձի ուսումնասիրության հիման վրա կարող է արվել, բայց չեմ բացառում, որ կոռուպցիոն ռիսկերը այստեղ ավելի մեծ լինեն»,- ասաց նախկին նախարարը՝ հարց ուղղելով. «Հիմա ի՞նչը դարձավ պատճառը, որ այդ ֆինանսական միջոցները ուղղվելու են դեպի ապահովագրական ընկերություններ, ի՞նչ խնդիր է լուծվում»:
Ըստ նրա՝ սա կարելի է համարել ևս մեկ հայտարարություն նոր կառավարության ձևավորման շեմին: «Հոկտեմբեր ամսից նոր կառավարությունը պարբերաբար հայտարարություններ է անում, թե տեսեք՝ ինչ լավ բաներ ենք անում, ինչեր ենք անելու, բայց արդեն 8 ամիս է՝ այս կառավարությունը կա, ես անձամբ առաջընթաց ոչ մի ոլորտում չեմ տեսնում, այդ թվում նաև՝ առողջապահությունում»,- նկատեց Մկրտչյանը:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում: