Բաժիններ՝

Արամ Ա­-ն ներկայացրել է Սիրիայի հայ համայնքի վերակազմակերպման իր պատկերացումները

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը սիրիահայության վերականգնումը պատկերացնում է կարիքավոր ընտանիքներին օգնելու, քանդված տները վերակառուցելու և հայկական կառույցներն աշխուժացնելու եղանակով, ինչը պետք է ծրագրվի ու կատարվի համապարփակ մոտեցմամբ:

Վեհափառը սիրիահայության վերականգնման իր պատկերացումները ներկայացրել է Սիրիայի հայության հոգևոր և համայնքային պատասխանատուների, ինչպես նաև անցած տարիների ընթացքում Սիրիայի հայությանն օգնություն ցուցաբերած մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ համագումարի ընթացքում:

Վեհափառ Հայրապետը նախ նշել է, որ եկել է ժամանակը, որ սիրիահայերին շտապ օգնություն ցուցաբերելուց անցում կատարեն վերականգնման աշխատանքներին: «Երկրի ներսում ի հայտ եկող նշանները որոշ հույսեր են ներշնչում այս իմաստով, հետևաբար վերանորոգ հավատով ու հույսով պետք է լծվենք վերականգման աշխատանքներին: Վերականգնում ասելիս ես չեմ հասկանում սոսկ քանդվածը վերակառուցել կամ վնասվածը վերաշինել. վերականգնում նշանակում է էապես արժևորել մեր ներկա կյանքը` իր դրական և բացասական կողմերով, վերակազմակերպել մեր հավաքական կյանքը և մեր համայնքային կառույցները:

Վերականգնումը պետք է ծրագրվի ու կատարվի համապարփակ մոտեցմամբ: Այլ խոսքով` տնտեսական կյանքի վերականգնում, կարիքավոր ընտանիքներին օգնություն, քանդված տների վերակառուցում և կառույցների աշխուժացում: Այս ամենը պետք է քննարկվի, ծրագրվի և կյանքի կոչվի մեկ ամբողջության մեջ` զուգահեռ կերպով և առաջնահերթության կարգով: Վերականգնումը պետք է կատարվի հանգրվանային կերպով: Առաջին հերթին, պետք է կատարվի վնասների և կարիքների ցանկագրում, ապա դրանց արժևորումը և առաջնահերթության աստիճանի ճշտումը: Առաջադրված ծրագրերի իրականացումը պետք է միշտ կատարվի հանգրվանային կերպով և նախապատվության կարգով:

Անհրաժեշտ է, որպեսզի վերականգնման նախապատրաստական աշխատանքները կատարվեն մասնագիտական, այլ ոչ թե հապճեպ մոտեցմամբ: Այս հույժ կարևոր աշխատանքին հարկ է լծել տնտեսական, շինարարական, վարչակազմակերպական մասնագիտություն ու փորձառություն ունեցող անձանց»,­-ասել է Արամ Ա­-ն:

Վեհափառ Հայրապետը շեշտել է այս աշխատանքի ընթացքում թափանցիկության և հաշվետվողականության կարևորությունը:

«Մենք գիտենք, որ աշխատանքները պետք է կատարվեն մի երկրում, որտեղ պայմանները տարբեր են: Նաև գիտենք, որ Արևմուտքի մի շարք երկրներ սահմանափակումներ են մտցրել Սիրիային հատկացվող օժանդակությունների գծով: Սակայն, այս ամենը նկատելով հանդերձ՝ անհրաժեշտ է շատ արագ գործի լծվել` հիմնվելով թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքների վրա: Նման գործելակերպը վստահություն
կներշնչի մեր ժողովրդին»,­-ասել է Արամ Ա-­ն:

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը նաև առաջարկել է ժամանակացույց սահմանել` միշտ նկատի ունենալով քաղաքական պայմանները, ինչպես նաև նյութական կարողությունները: Մասնավորապես, նա առաջարկել է մինչև 2017թ. հուլիսի ավարտ կազմել թղթածրարները, օգոստոսի առաջին կեսին ծրագրերը ներկայացնել համագումարին, որին ցանկալի կլինի ապահովել Հայաստանի, թեմերի, գաղութների կազմակերպությունների ներկայացուցիչների և բարերարների ներկայությունը: Նա հավելել է, որ կարելի է ակնկալել, որ այդ համագումարի ընթացքում ներկայացված ծրագրերը կընդունվեն, իսկ 2017թ. հոկտեմբերին կկարողանան սկսել դրանք:

Վեհափառ Հայրապետը սիրիահայության վերականգման 4 ուղղություն է առաջարկել`փոքր և միջին բիզնեսին աջակցություն և փոխառությունների ծրագրերի մշակում, ազգային կառույցների վերակազմակերպման ու վերաշխուժացման աջակցություն, վնասված շենքերի վերանորոգում, կարիքավոր ընտանիքներին օժանդակություն:

Նորին Սրբությունը նաև շեշտել է ծրագրերի իրականացման նկատմամբ հսկողության կարևորությունը: Այս ուղղությամբ նա անհրաժեշտ է համարել ստեղծել կենտրոնական հանձնախումբ` երեք համայնքների հոգևոր պետերի, կուսակցությունների և բարեգործական կազմակերպություններից ներկայացուցիչների մասնակցությամբ, ինչպես նաև նշանակել շինարարական, տնտեսական և այլ անհրաժեշտ հանձնախմբեր, որոնք պետք է գործեն կենտրոնական հանձնախմբի հսկողության ներքո:

Աշխատանքներն ավելի համակարգված իրականացնելու և ծրագրերը ներկայացրած կողմերի միջև հետևողական կապ հաստատելու համար Վեհափառ Հայրապետը անհրաժեշտ է համարել Հալեպում գրասենյակի ձևավորումը, որի աշխատանքի բնույթն ու ուղիները պետք է որոշվեն կենտրոնական հանձնախմբի կողմից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս