Բաժիններ՝

«Մշակվել է օրինագիծ, ըստ որի՝ մարդիկ անանուն կարող են հայտնել կոռուպցիոն դեպքերի և կոռուպցիոն դեպքի կասկածի մասին». Արդարադատության փոխնախարար

«Միջոցառում է նախատեսված դատական համակարգում էլեկտրոնային համակարգերի ներդրման առումով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ դրա միջոցով մարդիկ կկարողանան էլեկտրոնային եղանակով դատարան դիմել, ապացույցներին ծանոթանալ էլեկտրոնային եղանակով, մի դատարանից մեկ այլ դատարան էլեկտրոնային եղանակով գործերի փոխարինում իրականացնել.

«Այս ուղղությամբ ապրիլի 21-ին Արդարադատության նախարարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության միջև կնքվեց համապատասխան պայմանագիր, որով գործակալությունն իր պատրաստակամությունը հայտնեց՝ ֆինանսավորելու դատական արխիվների էլեկտրոնացման գործընթացը, սա լավ պլատֆորմ կլինի, որպեսզի այս ամենի վրա ներմուծվեն արդեն մյուս կոմպոնենտները»:

Արդարադատության մյուս փոխնախարար Սուրեն Քրմոյանն էլ տեղեկացրեց, որ Կառավարության ծրագրով նախատեսված էր, որ 11 քրեակատարողական հիմնարկներ պետք է համալրվեն արդիական սարքավորումներով, ինչն արվել է. «Խնդիրը լուծված է, մշակվել են համապատասխան ցանկեր, կատարվել է գնման գործընթաց, որի արդյունքում արդեն սարքավորումների մեծ մասը Հայաստանում է, մյուս մասը կներկրվի մոտակա մեկ ամսվա ընթացքում»:

Կարդացեք նաև

Նրա խոսքով՝ պետք է նոր հակակոռուպցիոն մարմին ստեղծվի, որը զբաղվելու է կոռուպցիայի կանխարգելման հարցերով. «Արդեն իսկ օրինագիծը մշակված և լայն քննարկման է դրված, կարծում եմ՝ մոտակա շաբաթների ընթացքում օրինագիծը կներկայացվի կառավարության հաստատմանը: Այս մարմինը հիմնականում կանխարգելիչ աշխատանք է կատարելու, բայց առաջին անգամ նորանկախ Հայաստանի պայմաններում մենք կունենանք անկախ մարմին, որը զբաղվելու է կոռուպցիայի կանխարգելման հարցերով և բավականաչափ լայն լիազորությունների շրջանակ է ունենալու»:

Ս. Քրմոյանը նաև հայտնեց, որ մշակվել է համապատասխան օրենսդրական փաթեթ, որն «Ազդարարման մասին» օրենքի նախագիծն է. «Արդեն իսկ փաթեթը ներկայացվել է կառավարության հաստատմանը: Ամենակարևոր գործիքը, որն ամրագրվել է, դա նա է, որ լինելու է ազդարարման էլեկտրոնային համակարգ, որը հնարավորություն է տալիս անանուն ազդարարել կոռուպցիոն հանցագործությունների մասին: Այդ համակարգը միջազգային սերտիֆիկացում է անցնելու և հնարավորություն է տալու անձանց անանուն հայտնել կոռուպցիոն դեպքերի և կոռուպցիոն դեպքի կասկածի մասին: Դա հնարավորություն կտա էապես բարձրացնել կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերի քննության արդյունավետությունը և բացահայտել այդ գործերը»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս