2017թ. Թուրքիայում 39%-ով ավելացել են էներգակիրների ներկրման ծախսերը

2017 թվականի հունվար-մարտ ամիսներին Թուրքիան ներկրված էներգակիրների համար վճարել է 9.1 մլրդ դոլար, ինչը 39 տոկոսով շատ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կատարված վճարից:

Ըստ թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալության` նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ներկրվող էներգակիրների համար Թուրքիան վճարել է 6.49 մլրդ դոլար:

Հրապարակաված տվյալների համաձայն՝ 2017-ի առաջին եռամսյակում Թուրքիայի ընդհանուր ներկրման ծավալը կազմել է 50.94 մլրդ դոլար:

Թեմայի վերաբերյալ պարզաբանումներ տված Թուրքիայի «Էներգետիկ շուկաների և քաղաքականության ինստիտուտի» տնօրեն Վոլքան Օզդեմիրը ծախսերի ավելացումը բացատրել է ոչ միայն ծավալների մեծացմամբ, այլև էներգակիրների գների աճով:

Նա հիշեցրել է, որ նախորդ տարվա հունվար-մարտ հատվածում Թուրքիայում նավթի գինը նվազել էր մինչև 30 դոլար, իսկ այս տարի կրկին բարձրացել է` հասնելով 50-ի: Թուրք մասնագետը որպես 2-րդ պատճառ մատնանշել է երկրում բնական գազի օգտագործման ծավալների աճը:

«Այս երկու պատճառները Թուրքիայի` էներգակիրների սպառման ծախսերը կավելացնեն 1/3-ով: Նախորդ տարի 30 միլիարդի իջած էներգետիկ ծախսերը, այս տարի կրկին կբարձրանան` հասնելով 40 միլիարդի»,- ասել Օզդեմիրը:

Տեսանյութեր

Լրահոս