«Ֆրանսիայի համար Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններում տնտեսական կապերի զարգացումը կարևոր է». Ժան-Ֆրանսուա Շարպանտիե
Այսօր Երևանում տեղի ունեցավ Հայաստան-Թուրքիա ներդրողների հանդիպումը։ Միջոցառման կազմակերպիչներից Հանրային լրագրության ակումբի (ՀԼԱ) ղեկավար Սեդա Մուրադյանը հանդիպման սկզբում իր ելույթում նշեց, որ նախաձեռնության նպատակն է՝ աջակցել նրանց, ովքեր պատրաստակամ են զարգացնել ստարտափների և ներդրումների էկոհամակարգը Հայաստանում՝ ստեղծելով «հրեշտակ ներդրողների» ցանց:
«Հրեշտակ ներդրողներն այն մեծահարուստ անհատներն են, ովքեր զարգանալու ներուժ ունեցող ստարտափներին ֆինանսական միջոցներ են առաջարկում, ֆինանսական կապիտալի բավական կարևոր աղբյուր են սկսնակ ընկերությունների համար: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ վերջին ֆինանսական ճգնաժամի և համաշխարհային տնտեսության շարունակական անկման պայմաններում հրեշտակ ներդրողները շատ կարևոր դեր են ունեցել բանկերի և վենչուրային ընկերությունների ֆինանսական բացերը լրացնելու հարցում»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ շատ «հրեշտակ ներդրողներ» չեն հանրայնացնում իրենց գործունեությունը, և նրանց հետ կապ հաստատելը նաև պաշտոնական մակարդակում շատ բարդ է. «Մենք էլ այսօրվա միջոցառման միջոցով հարթակ ենք ստեղծում այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են օգնել այստեղ ստարտափների կայացմանը: Նմանատիպ ցանցերի հաջողված օրինակներ կան աշխարհում, և մեր նպատակն է՝ ներդնել այս կոնցեպտը Հայաստանում և Թուրքիայում, ինչպես նաև՝ խթանել երկու երկրների հրեշտակների համագործակցությունը և հնարավոր համատեղ ծրագրերի իրականացումը»։
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն իր խոսքում նշեց, որ սա եզակի իրադարձություն է, որի նպատակն է՝ սատարել ձեռնարկատիրական էկոհամակարգերի ստեղծումը, կապ ստեղծել Թուրքիայի և Հայաստանի ներդրողների և ձեռնարկատերերի միջև:
«Ֆրանսիայի համար Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններում տնտեսական կապերի զարգացումը կարևոր է: Հայ-թուրքական հարաբերությունների առաջնահերթություններից պետք է լինի առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը»։