Բաժիններ՝

«Ես «Եվրատեսիլ» մրցույթին չեմ գնում մրցակիցներ փնտրելու». Արծվիկ

Այսօր տեղ ունեցավ «Եվրատեսիլ-2017» երգի մրցույթում հայաստանյան մասնակցությանը նվիրված պաշտոնական մամուլի ասուլիսը, որին մասնակցում էին «Եվրատեսիլ-2017»-ի հայաստանյան ներկայացուցիչ Արծվիկը, «Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը, մրցութային «Fly with me» երգի երաժշտության հեղինակ, կոմպոզիտոր Լիլիթ Նավասարդյանը:

Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս հայկական պատվիրակությունը շատ մեծ ոգևորությամբ նախապատրաստվում է «Եվրատեսիլ» երգի մրցույթին, հավատացնում է հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը և հավելում. «Սա մի նախագիծ է, երբ երեք ամիս շարունակվող մրցույթի արդյունքում հաղթում է մի երգչուհի, որին թիմը չի ճանաչում, բայց հրաշալի հնարավորություն է ընձեռում ստեղծելու միջազգային կարիերա:

Խոսելով կատարման բեմադրական մասից՝ Գոհար Գասպարյանը նկատում է՝ դեռևս «Եվրատեսիլի» օրագրից հանրությունն իրազեկ էր, որ այս տարի նույնպես բազմակողմ համագործակցության արդյունքում հնարավոր է լինելու ստանալ բեմադրական հիանալի գաղափար. «Շատ կուզենայինք աշխատել հայ մասնագետի հետ, սակայն դեռևս չենք հանդիպել այնպիսի մարդու կամ մարդկանց, կամ խմբի, որը մի շարք հանգամանքերի ի մի բերմամբ՝ կարողանա ստանալ մեր ակնկալած արդյունքը: Եվրատեսիլյան բեմի վրա ամեն վայրկյանը հաշվի է առնված, և սա, կարծում եմ, արդեն իսկ կարևորագույն հանգամանք է մաքսիմում կատարյալ արդյունք պատրաստելու և ցուցադրելու համար»:

«Ես շատ ցանկացա, որ Արծվիկի հայկական ձայնային էլեմենտներն անպայման այս ստեղծագորուծության մեջ երևան: Այս երգը հետաքրքիր է նաև նրանով, որ ինքը մոլորակի շատ տարբեր քաղաքակրթությունների «քամիները» պարունակում է իր մեջ՝ սլավոնական, չինական, աֆրիկյան ռիթմեր, ասիական էլեմենտներ, և այլն: Կարծում եմ՝ սա բոլորն են նկատել: Ամենագլխավոր առանցքը, որի վրա կառուցվել է ամբողջ երգը, և ինչից ոգեշնչվել է ամբողջ երգը՝ հայկական «Յարխուշտան» է»,- երգի մասին մանրամասնում է «Fly with me» երգի երաժշտության հեղինակ, կոմպոզիտոր Լիլիթ Նավասարդյանը:

«Մենք ամեն ինչ անում ենք, որ լավ լինի, իսկ արդյունքներին բոլորս կարող ենք ականատես լինել մայիսի 9-ին,-  հավաստիացնում է ինքը՝ Եվրատեսիլյան այս տարվա գլխավոր դերակատարուհին՝ Արծվիկը, միաժամանակ անդրադառնալով հավանական մրցակիցների թեմային,- Ես, իհարկե, ինքս ինձ համար կարող եմ հստակեցնել, թե մասնակիցներից ով կարող է լինել իմ հավանական մրցակիցը, բայց ես «Եվրատեսիլ» մրցույթին չեմ գնում մրցակիցներ փնտրելու: Այս մրցույթին մասնակցությունն ինձ համար այնքան կարևոր է, որ այն ինձ համար իսկական ու գեղեցիկ տոն է, որտեղ ես առիթ կունենամ ծանոթանալու հետաքրքիր մարդկանց հետ, փորձելու հանդես գալ հնարավորություններից առավելագույնով: Ինձ համար սա մի երազանք է, որը ես կցանկանայի իրականացնել գեղեցիկ, պրոֆեսիոնալ և հիշարժան կատարումով»:

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2017»-ում Հայաստանն այս տարի կներկայացնի Առաջին ալիքի «Դեպի Եվրատեսիլ» նախագծի հաղթող Արծվիկը: Մրցույթն այս տարի կանցկացվի մայիսի 9-ին, 11-ին և 13-ին՝ Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում՝ «Տոնենք բազմազանությունը» կարգախոսի ներքո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս