Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի նաև ՄԻԵԴ

«Մենք կոնկրետ խնդիր ենք հետապնդում, շատ լավ գիտենք՝ ինչն է իրատեսական, ինչը` ոչ: Այստեղ մեր խնդիրն այն է, որ ներկայացնենք ընտրակեղծարարության ծավալը, ցույց տանք միջազգային հանրությանը, որ ընտրությունները ևս մեկ անգամ լրիվ կեղծվել են, իշխանություններն անցկացրել են մի միջոցառում, որ ընտրությունների հետ որևէ կապ չունի, ժողովրդի կամքը նորից չի ձևավորվել և չի արտահայտվել ազատորեն, ուստի կան բոլո հիմքերը այս ընտրություններն անվավեր ճանաչելու և նոր ընտրություններ անցկացնելու համար: Բայց մենք շատ լավ հասկանում ենք, թե ինչ Սահմանադրական դատարանի հետ գործ ունենք և ուրեմն խնդիրը տեսնում ենք դա, որ ապացույցները ներկայացնենք հանրության համար, սպառենք ներքին դատարանները և դիմենք Եվրոպական դատարան»,- այսօր ՍԴ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Կոնգրես-ՀԺԿ դաշինքի անդամ, ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:

Հիշեցնենք, որ այսօր ՍԴ-ում սկսվել է «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումի հիման վրա՝ ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին ԿԸՀ-ի որոշումը վիճարկելու վերաբերյալ գործի լսումը:

Լ.Զուրաբյանը նշեց, որ այժմ նախապատրաստում են ՄԻԵԴ դիմելու համար հիմքերը: Ըստ նրա` դեպքեր եղել են, որ, օրինակ, Ալբանիայում վերանայվել են պառլամենտական ընտրությունների արդյունքները, բայց արդյոք դա ՄԻԵԴ միջամտությամբ է եղել, թե ոչ, նա չկարողացավ ասել:

Լ.Զուրաբյանի խոսքով` ունեն բազմաթիվ տեսանյութեր, որ ապացուցում են հանցագործության ծավալն ու համակարգված լինելը: Ըստ նրա` տեղամասերում աշխատել են մինիմումի հասցնել խախտումները, բայց ընտրատեղամասերից դուրս է եղել հարվածը, որ ընտրողին հրահանգավորված քվեարկության են տարել. «Ընտրախատումների ծանրությունը եղել է ընտրակաշառքի, ահաբեկման, հարկադրելու ուղղությամբ»:

168.am-ի հարցին, թե ՄԻԵԴ-ում գործի ընդունման և քննության գործընթացը սովորաբար շատ երկար է տևում, այս դեպքում ի՞նչ կլինի, դժվարացավ ասել և խորհուրդ տվեց դիմել փաստաբան Վահե Գրիգորյանին:

Տեսանյութեր

Լրահոս