Երևանում 3 հոգու մահվան պատճառ դարձած ավտովթարի գործով կասկածյալը հայտնաբերվել է. 32-ամյա գործարարը տեղափոխվել է «Նուբարաշեն» ՔԿՀ. Shamshyan.com
Երեկ՝ ապրիլի 23-ին, Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ է տեղափոխվել Հրազդան քաղաքի Կոստանդյան փողոցի բնակիչ, 32-ամյա Արման Բաղդասարյանը:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Ա. Բաղդասարյանը կասկածվում է ապրիլի 22-ին Երևանում 3 հոգու մահվան ելքով ավտովթարում մասնակցություն ունենալու մեջ:
Կայքի տեղեկացմամբ՝ երեկ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբում ներգրավված հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Դավիթ Մարտիրոսյանն ու Գագիկ Հարությունյանը միջնորդություն էին ներկայացրել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի վթարի վայրից փախուստի դիմած, այնուհետև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների կողմից հայտնաբերված Ա. Բաղդասարյանի նկատմամբ:
Դատավոր Ռուբեն Ներսիսյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է ՀԿԳ ավագ քննիչների միջնորդությունը և որոշում է կայացրել , որ կասկածյալին հայտնաբերելու դեպքում տեղափոխեն Նուբարաշենի բանտ՝ խափանման միջոց ընտրելով երկամսյա կալանք:
Դատարանի որոշումից ժամեր անց ոստիկանները հայտնաբերել են Ա. Բաղդասարյանին և տեղափոխել Նուբարաշենի բանտ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալ Ա. Բաղդասարյանը Ռուսաստանի Դաշնությունում զբաղվում է բիզնեսով:
Նրան հայտնաբերելու օպերատիվ-հեոտախուզական գործողությունները ղեկավարել են Երևանի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը և ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։