«Ցեղասպանության ժխտումը կարծիք չէ, այլ ճշմարտության հերքում». Ֆրանսուա Օլանդ

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ղեկավարների, ֆրանսիացի բարձրաստիճան այլ պաշտոնյաների և համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ Փարիզի Կանադայի հրապարակում Կոմիտասի հուշարձանի մոտ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 102-­րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում: Ներկաներն Օլանդի գլխավորությամբ ծաղիկներ են խոնարհել Կոմիտասի հուշարձանին:

«Ես այստեղ եմ` լռությամբ հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Մենք այսօր քաղաքացիական մոբիլիզացիայի և հանրապետական զգոնության կոչ պետք է անենք: Հիշողության պայքարը մեր հիմնական գործողությունն է, պայքար` պատմական աղավաղումների դեմ: Մեծ մտածողներն արդեն 100 տարի է հանդես են գալիս ցեղասպանությունների դեմ: Սա Ֆրանսիայի համերաշխությունն է հայ ժողովրդին, որը հիշել եմ նաև դեպի Հայաստան իմ ճանապարհին»,­- ասել է Ֆրանսիայի նախագահը` ավելացնելով, որ Ֆրանսիան երբեք չի դադարի խոսել Հայոց ցեղասպանության մասին:

Օլանդն ընդգծել է. «Մենք չենք կարող թույլ տա խեղաթյուրում: Միայն ճշմարտությունը կարող է հաշտեցնել և համախմբել: Միաժամանակ, մենք չպետք է մոռանանք ժխտողականությունը քրեականացնող ուղին: Ժխտումը կարծիք չէ, դա ճշմարտության և իրականության հերքում է»:

Օլանդը հավելել է, որ Ֆրանսիան մշտապես պետք է ասի Թուրքիային, որ եղել է Ցեղասպանություն և այն պետք է ճանաչվի: «Ամբողջ աշխարհում բախվելով մարդու իրավունքների ոտնահարումների, ապրիլի 24­-ը հիշեցնում է մեզ, որ մենք պետք է գործենք: Երկրի նախագահի պաշտոնում տարիների ընթացքում ես մտահոգություն եմ ունեցել, որպեսզի Ֆրանսիան երբեք չխուսափի իր պարտականություններից: Գիտեք, որ մենք կապված ենք անբաժանելի բարեկամությամբ և այդ կապը եղբայրական է»,-­ շեշտել է Ֆրանսիայի նախագահը:

Gepostet von CCAF France am Montag, 24. April 2017

Տեսանյութեր

Լրահոս