«Պետք է լիովին ճանաչել հայ ժողովրդի հիշողությունը». Մակրոն
Ֆրանսիայի նախագահի թեկնածու, ընտրությունների առաջին փուլում առավելագույն ձայներ ստացած, «Հառաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնը նշել է, որ պետք է լիովին ճանաչել հայ ժողովրդի հիշողությունը:
«Ֆրանսիայի հայերն ու հայուհիներն իրենց ներդրումն են ունեցել մեր պատմության կերտման մեջ»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Մակրոնը և տեղադրել Փարիզում Կոմիտասի հուշարձանին այցելության լուսանկարը:
Մակրոնն ապրիլի 24-ի կեսօրին այցելել է Կանադայի հրապարակում գտնվող Կոմիտասի հուշարձան և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Մակրոնին ուղեկցել են Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Արա Թորանյանը և Մուրադ Փափազյանը:
Ավելի վաղ Մակրոնը հայտարարել էր, որ նախագահ ընտրվելու դեպքում մտադիր է շարունակել Հայոց ցեղասպանության հիշատակման ավանդույթը և հավելել, որ պետք է շարունակի աշխատել Ցեղասպանության ժխտումը քրեականացնելու ուղղությամբ: