Հայաստանյան կինովարձույթում «Խոստումը» կհայտնվի ապրիլի 27-ից
«Մոսկվա» կինոթատրոնում երեկ կայացած փակ ցուցադրությունից հետո այսօր տեղի ունեցավ երջանկահիշատակ Քըրք Քըրքորյանի նախաձեռնած Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի՝ հայերեն կրկնօրինակմամբ մամուլի ցուցադրությունը:
«Խոստումը» ֆիլմի սյուժեն ներկայացնում է Առաջին համաշխարհային պատերազմի օրերին Օսմանյան կայսրությունում հայերի տեղահանումն ու կոտորածը: Այն պատմում է մի հայ երիտասարդ բժշկի մասին, ով տեղափոխվում է Կոստանդնուպոլիս՝ սովորելու: Այստեղ նա ծանոթանում է գեղեցկուհի նկարչուհի Աննային ու սիրահարվում, սակայն նրանց երջանկությանը խոչընդոտում են Հայոց եղեռնի դաժան ու արյունալի իրադարձությունները: Միքայելը խոստանում է ապրել ու պատմել աշխարհին ճշմարտությունը:
Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է ապրիլի 21-ին՝ ԱՄՆ-ում և Կանադայում, այնուհետև նախատեսվում է այն ցուցադրել Միջին Արևելքի երկրներում՝ Բահրեյն, Եգիպտոս, Իրան, Իրաք, Հորդանան, Քուվեյթ, Լիբանան, Լիբիա, Օման, Պաղեստին, Քաթար, Սաուդյան Արաբիա, Սուդան, Սիրիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Եմեն (ապրիլի 20-ին), Ռուսաստան (ապրիլի 27-ին), Միացյալ Թագավորություն (ապրիլի 28-ին), Լեհաստան (մայիսի 5-ին), Ավստրալիա (մայիսի 25-ին), Թաիլանդ (հունիսի 1-ին), Իսպանիա (հունիսի 2-ին), Բելգիա (հունիսի 14-ին), Նիդեռլանդներ (հունիսի 15-ին), Սինգապուր (հունիսի 22-ին), Հարավային Աֆրիկա (հունիսի 23-ին) և Իտալիա (օգոստոսի 24-ին):
Հայազգի հայտնի գործարար Քըրք Քըրքորյանի «Survival Pictures» ընկերության կողմից ստեղծված «Խոստումը» ֆիլմը բեմադրել է «Հոթել Ռուանդա» ֆիլմի պրոդյուսեր և օսկարակիր ռեժիսոր Թերրի Ջորջը՝ դերասանական կազմը համալրելով համաշխարհային աստղերով: Երաժիշտ ու ակտիվիստ Սերժ Թանկյանը հանդիսացել է ֆիլմի երաժշտական մասի խորհրդատուն ու նպաստել ֆիլմի սաունդթրեքի համար հայկական ժողովրդական երգ «Սարի սիրուն յարի» ժամանակակից ներկայացմանը: «Մեծ պատիվ է դառնալ ֆիլմի անմասն ակնդիրն ու ունկնդիրը»,- ասել է Թանկյանը:
Ռեժիսոր Թերրի Ջորջը դերասանական կազմը համալրել է համաշխարհային այնպիսի աստղերով, ինչպիսիք են՝ Օսկար Այզեքը, Շարլոտ լը Բոնը, Քրիստիան Բեյլը, Շոհրե Աղդաշլուն, Անժելա Սարաֆյանը և այլք: Ֆիլմի սկզբնական թեմատիկ երաժշտության հեղինակը «Soundgarden» խմբի երգիչ և կիթառահար Քրիս Կորնելն է, իսկ ֆիլմի սաունդթրեքի հեղինակը՝ օսկարակիր Գաբրիել Յարեդը (The English Patient):
«Խոստումը» օսկարակիր ռեժիսորի կողմից նկարահանված առաջին մեծածավալ և խոշոր բյուջեով ֆիլմն է Հայոց ցեղասպանության մասին՝ համալրված հոլիվուդյան աստղերով ու նշանավոր դեմքերով:
Ֆիլմի տարածման նպատակով Հայաստանում և սփյուռքում գործող համահայկական կառույցները, հասարակական խմբերն ու կազմակերպությունները, ինչպես նաև բազմաթիվ համաշխարհային աստղեր ջանքեր են գործադրում ֆիլմի համաշխարհային հաջողության ապահովման ուղղությամբ:
Տեղեկացնենք, որ հայաստանյան կինովարձույթում «Խոստումը» կհայտնվի ապրիլի 27-ից: