Բաժիններ՝

«Կրթաթոշակ տրամադրելիս՝ առավելությունը տալիս են լավագույններից լավագույններին». Ժան Ֆրանսուա Շարպանտիեն՝ Էֆելի անվան գերազանցության կրթաթոշակի մասին

Նախօրեին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությանը հյուրընկալվել էին Հայաստանում Ֆրանսիական համալսարանի շրջանավարտներ, Էֆելի անվան գերազանցության 2017 թվականի կրթաթոշակի երկու դափնեկիրներ՝ Անատոլի Չերնյաևն ու Գայանե Հարությունյանը:

«Էֆելի անվան գերազանցության կրթաթոշակի նպատակն աշխարհի տարբեր երկրներից լավագույն ուսանողներին իրենց կրթությունը Ֆրանսիայում շարունակելու հնարավորություն ընձեռելն է: Պատահական չէ, որ կրթաթոշակառուների մեծ մասը Հայաստանում ներկայացնում են Ֆրանսիական համալսարանը, որովհետև այն հասցրել է իր համար կռել բուհական հաստատության լավագույն համբավը, և, բնականաբար, ընտրությունն էլ կանգ է առել այս համալսարանի ուսանողների վրա՝ նպատակ ունենալով գերազանց կրթական մակարդակով ապահովել իր շրջանավարտներին:

Գուցե մի քիչ շովինիստական հնչի, բայց Հայաստանում Ֆրանսիական համալսարանը տեղական նմանատիպ հաստատություններից լավագույնների շարքում է` իր տրամադրած կրթության մակարդակով, իսկ կրթաթոշակ տրամադրելիս՝ առավելությունը տալիս են լավերից լավագույններին»,- լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասում է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտիեն:

Ֆրանսիայի արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարարության մշակած «Էֆել» ծրագիրը Ֆրանսիայի բարձրագույն ուսումնական հաստատություններին հնարավորություն է տալիս լավագույն արտասահմանցի ուսանողներին ներգրավելու մագիստրոսի և դոկտորի դիպլոմ շնորհող դասընթացներում, իսկ Հայաստանը 2000 թվականից ի վեր ունեցել է Էֆելի անվան գերազանցության 13 դափնեկիր:

2017 թվականին 370 միջազգային դափնեկիրներից երկու հայ ուսանող կրթաթոշակի արժանանալով՝ հնարավորություն են ստացել շարունակելու ուսումը՝ մագիստրատուրայում և դոկտորանտուրայում սովորելու համար:

Անատոլի Չերնյաևը Հայաստանում Ֆրանսիական համալսարանի Մարքետինգ և վաճառք ֆակուլտետի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանող է: 2016 թվականին ՀՀ ԿԳ նախարարության կողմից հասարակագիտության ոլորտում նա ճանաչվել է Հայաստանի լավագույն ուսանող, իսկ արդեն որպես Էֆելի անվան գերազանցության կրթաթոշակի դափնեկիր, հնարավորություն ունի շարունակելու ուսումը Լիոնի Ժան-Մուլեն համալսարանում.

«Ուրախ եմ Ֆրանսիայում ներկայացնել Հայաստանը, մասնավորապես՝ Հայաստանում Ֆրանսիական համալսարանը: Ինձ հնարավորություն ընձեռվեց ապացուցելու, որ համաշխարհային հարթակում Ֆրանսիական համալսարանում ստացած ուսումը կարող է լինել մրցունակ: Իմ ապագան տեսնում եմ Հայաստանում, միաժամանակ ակնկալում եմ մագիստրատուրայից հետո ասպիրանտուրան շարունակել մարքետինգի ոլորտում: Նպատակ ունի հետագայում դասավանդել նաև Հայաստանում Ֆրանսիական համալսարանում»:

Գայանե Հարությունյանը Հայաստանում Ֆրանսիական համալսարանի առաջին դոկտորանտներից է, ով 2016թ. սկսել է «Օրենսդրական գործընթացների համեմատական վերլուծությունը Հայաստանում և Ֆրանսիայում» թեմայով թեկնածուական ատենախոսությունը: Արժանանալով Էֆելի անվան գերազանցության կրթաթոշակի՝ Գայանե Հարությունյանը հնարավորություն ունի շարունակելու սեփական հետազոտական աշխատանքը Կլերմոն-Ֆերանի Օվերնյի անվան համալսարանում.

«Նպատակ ունեմ գիտելիքներս Ֆրանսիայում խորացնելուց հետո վերադառնալ Հայաստան ու զբաղվել գիտական գործունեությամբ, միաժամանակ խորացնելով համագործակցությունը Ֆրանսիայի և Հայաստանի գիտական լաբորատորիաների միջև: Ուրախ եմ և շնորհակալ՝ արժանանալու այս մրցանակին»:

Տեղեկացնենք, որ Էֆելի անվան գերազանցության կրթաթոշակը հնարավորություն է տալիս մասնավոր կամ պետական սեկտորներում, ճարտարագիտության. տնտեսագիտության, կառավարման, իրավունքի և քաղաքագիտության ոլորտներում պատրաստելու օտարերկրացի ապագա առաջատար մասնագետների: Էֆել ծրագրին ներկայացնելու համար ֆրանսիական բարձրագույն ուսումնական հաստատությունները լավագույն օտարերկրացի ուսանողներից նախապես ընտրում են այն թեկնածուներին, որոնց կցանկանային ընդունել իրենց բուհ:

Այս համատեքստում, ամեն տարի շուրջ 1500 թեկնածություն է քննարկվում մագիստրատուրայի՝ թվով 300, և դոկտորանտուրայի՝ թվով 50 կրթաթոշակների համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս