«Մեզ 40 րոպեն էլ է բավական ՀՀԿ-ի և «Ելքի» տարբերությունները ցույց տալու համար». Ինչո՞ւ է ՀՀԿ-ն խուսափում բանավեճից
Այսօր մեկնարկել է Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը։ Ցավոք, այս ընտրությունների ժամանակ էլ ընտրողներն իշխանական և ոչ իշխանական ուժերի ղեկավարների միջև բանավեճի հաճույքը չեն վայելի։ Երեկ ՀՀԿ ԳՄ նիստից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը Տարոն Մարգարյան-Նիկոլ Փաշինյան բանավեճի մասին հարցին պատասխանել է, թե Մարգարյանը հարգանքով է վերաբերվում իր բոլոր քաղաքական ընդդիմախոսներին, բայց արժանի համարում է հանդիպել ավելի շատ երևանցիների հետ։ «Տարոն Մարգարյանը պատրաստ է ավելի ուղիղ աշխատել և իր ծրագրերը ներկայացնել երևանցիներին»,- ասել է Շարմազանովը։
«Ելք» դաշինքի ավագանու թեկնածու Արայիկ Հարությունյանը 168.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով հարցը, որ Տարոն Մարգարյանը չի պատրաստվում բանավեճի իր մրցակիցների հետ, հայտարարեց, որ Տարոն Մարգարյանը ոչ թե չի պատրաստվում, այլ նա ընդհանրապես պատրաստ չէ բանավեճի Նիկոլ Փաշինյանի հետ։
«Ինքներդ էլ հասկանում եք, որ լրիվ այլ կալիբրի քաղաքական գործիչների հետ գործ ունենք, և ակնհայտ է, որ այդ բանավեճը կկանխորոշի ամբողջ քարոզչության ընթացքն ու ընտրությունների ելքը։ Դրա համար նրանք առավելագույնս խուսափելու են մասնակցել բանավեճերի, բայց մենք նաև մեր քարոզչության ընթացքում անընդհատ բարձրաձայնելու ենք այս խնդիրը։ Ակնհայտ է, որ Տարոն Մարգարյանի առաջ հենց այդ բանավեճի ժամանակ Նիկոլ Փաշինյանը կբացահայտի այնպիսի փաստեր, որոնք անհնար կդարձնեն Տարոն Մարգարյանի վերընտրվելու հնարավորությունը։ Դրա համար իրենք, ինչպես և Ազգային ժողովի նախընտրական քարոզչության ժամանակ, փորձելու են այս ընտրությունները ևս մաքսիմալ կենցաղային մակարդակի իջեցնել, Տարոն Մարգարյանը հիմնականում այցելելու է նախապես բեմականացված բակային հանդիպումներ, որտեղ ընթացքը կլինի այնպես, ինչպես նրա PR-շչիկներն են նախատեսել։ Բայց մենք էլ դրա հետ կապված կունենանք լուծումներ, նախընտրական քարոզչության ժամանակ հնարավորինս կանենք, որպեսզի նրան բանավեճի դաշտ բերենք։ Որքանո՞վ կստացվի, ցույց կտա ժամանակը»,- ասաց Ա. Հարությունյանը։
Հարցին, որ նախընտրական քարոզչության ժամանակ թեկնածուների բանավեճերը ժողովրդավարությանը հատուկ գործիքներից մեկն է, արդյոք բանավեճից խուսափելը վկայում է ժողովրդավարության բացակայությա՞ն մասին, Ա. Հարությունյանը պատասխանեց, որ այս ամենը ցույց է տալիս, որ «Հանրապետական» և «ժողովրդավարություն» հասկացություններն անհամատեղելի են։ Ըստ նրա՝ ԱԺ ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ն տարբեր հնարքներ կիրառեց իր վերահսկողության տակ գտնվող կուսակցություններից ոմանց միջոցով, որոնք չներկայացան բանավեճերի և վիժեցրեցին դրանք՝ պատճառաբանելով, որ ոչ բոլոր թեկնածուներն են գալու, դրա համար իրենք պատրաստ չեն, օրինակ, 3-4 թեկնածուների հետ բանավիճելու.
«Այս հնարքները նրանք կիրառել են և կկիրառեն, որովհետև մեր ասելիքի ու իրենց ասելիքի, մեր թեկնածուների և իրենց թեկնածուների միջև տարբերություններն ակնհայտ են, դրականորեն և շահեկանորեն, մասնավորապես, «Եքի» քաղաքապետի թեկնածուն և ավագանու թեկնածուները տարբերվում են իրենց ասելիքով, իրենց անցյալով, իրենց քաղաքական գործունեությամբ։
Այդ պատճառով այս կոնտրաստները թույլ չտալու համար պարոն Շարմազանովը նման հայտարարություն է անում՝ փորձելով քողարկել բանավեճին չներկայանալը՝ իբր ընտրված այլ մարտավարությամբ, իբր բակային հանդիպումները նախընտրում են բանավեճերից։ Մենք ընդամենը 1 ժամով ենք նրանց հրավիրելու բանավեճի, և ակնհայտ է, որ նրանք ունեն այդ 1 ժամը, բայց հնարավորինս խուսափելու են ներկայանալ այդ բանավեճին։ Մեզ 40 րոպեն էլ է բավական ՀՀԿ-ի և «Ելք» դաշինքի տարբերությունները ցույց տալու համար»։