
«Եթե ասվածի թեկուզ 10-15%-ը փաստվի, ապա այդ դպրոցը բավականին ծանր վիճակի մեջ կհայտնվի». ԿԳ նախարարը՝ թիվ 11 դպրոցի մասին

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը 168.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի ծնողների նամակին, ասաց, որ երեկ նախարարության կրթության տեսչությունն անցել է համալիր ստուգման։
«Եթե ասվածի թեկուզ 10-15%-ը փաստվի, ապա այդ դպրոցը բավականին ծանր վիճակի մեջ կհայտնվի։ Իսկապես լուրջ մեղադրանքներ են ներկայացված և համալիր ստուգման անհրաժեշտություն կա դպրոցում»,-պարզաբանեց նախարարը։
Հիշեցնենք, որ անստորագիր նամակի համաձայն, Սերժ Սարգսյանի համակուրսեցի Ռուզաննա Ազիզյանը չարաշահում է պաշտոնեական դիրքը, վիրավորում և սպառնում ուսուցիչներին, իր հին հագուստը վաճառում գործընկերներին, դրամահավաք կազմակերպում, ուռճացված գնով, ստիպողաբար համազգեստ վաճառում աշակերտներին և այլն:
Դպրոցի տնօրենը, սակայն, հերքում է բոլոր մեղադրանքները։ «Ցավոք սրտի, ոչ մեկը իրականությանը չի համապատասխանում: Մարդը ինչ որ ցանկանում է ներկայացնել, ներկայացնում է այնպես, ինչպես ինքը ուզում է»,-մեկնաբանել է նա։
Լևոն Մկրտչյանը նշեց, որ մի քանի օրից ամեն ինչ պարզ կլինի։