Լոնդոնում Թուրքիայի դեսպանության առջև ապրիլի 24-ին հոգեհանգստի կարգ կկատարվի
Մեծ Բրիտանիայում ապրիլի 22-ին տեղի կունենա Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված ամենամյա քայլերթը: Երթը սկիզբ կառնի Մարմարե կամարի մոտ և կավարտվի Սենոտաֆի զիվորական հուշահամալիրում:
Նույն օրը կկազմակերպվի երաժշտական երեկո` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Միջոցառմանը ելույթ կունենան «Հայ սուպերսթարի» հաղթող Սոնա Ռուբենյանը, «The Beatified Project» ռոք խմբի վոկալիստ Անդրե Սիմոնյանը, ինչպես նաև Ստյուարտ Մոյիրը և Ալի Կարամին:
Ապրիլի 23-ին Սուրբ Եղիշե եկեղեցում տեղի կունենա պատարագ և ծաղկեպսակների զետեղման արարողություն, ինչպես նաև կկազմակերպվի ծառատունկ:
Նույն օրը տեղի կունենա հիշողության երեկո, որտեղ ելույթով հանդես կգա պրոֆեսոր Ռայմոնդ Գևորգյանը, այնուհետև ելույթ կունենա օպերային երգչուհի Թերեզա Գևորգյանը:
Իսկ ապրիլի 24-ին Մեծ Բրիտանիայում Թուրքիայի դեսպանատան դիմաց տեղի կունենա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստի կարգ: