Սեյրան Օհանյանը Հայաստանում չէ
Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի անդամներն ընդհատակ են անցել։ Դաշինքի առաջնորդներից ոչ մեկն այս պահին երկրում չէ։
«Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանն ԱՄՆ-ում է, զբաղված է դասախոսություններով, անգամ ապրիլի 11-ին տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում։
«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը ևս ԱՄՆ-ում է՝ անձնական խնդիրներով։ Սակայն նա Երևանի ավագանու ընտրությունների մասին հայտարարություն էր տարածել սոցցանցում և խոստացել դեռ խոսել այդ ընտրություններից հետո:
Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը նույնպես Հայաստանում չէ։ Այդ մասին 168.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց որպես նրա օգնական ներկայացած անձը։ Թե որտե՞ղ է Օհանյանը, օգնականը չբացահայտեց։
ՕՐՕ դաշինքի անդամ, «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, իր իսկ խոսքով՝ արձակուրդում է։ Մեր հարցին՝ ե՞րբ կվերադառնա, Մարտիրոսյանը պատասխանեց, որ դեռ չի որոշել։
Դաշինքի անդամ, «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանն էլ հրաժարվեց հարցազրույցից՝ առողջական խնդիրների պատճառով։
Դաշինքի անդամներից Ստեփան Մարգարյանը, Էլինար Վարդանյանը և այլք ուղղակի հարկ չեն համարում հեռախոսազանգերին պատասխանել, ինչպես նաև նրանք հրաժարվում էին լրագրողների հետ խոսել ԱԺ վերջին նիստերի ժամանակ։
Հիշեցնենք, որ տեղեկություն էր տարածվել, որ Սեյրան Օհանյանն առաջիկայում, հնարավոր է, կա՛մ սեփական կուսակցությունը հիմնի, կա՛մ ՕՐՕ-ն վերածվի կուսակցության՝ նրա նախագահությամբ։ Նաև լուրեր են շրջանառվում, որ «Ժառանգության» և «Համախմբումի» առաջնորդներ Հովհաննիսյանն ու Օսկանյանը մտորում են ակտիվ քաղաքականությունից դուրս գալու շուրջ։
Չի բացառվում, որ Սեյրան Օհանյանն արտերկիր է մեկնել հենց այս խնդիրը կարգավորելու նպատակով։ Կամ գուցե 3 նախկին նախարարներն էլ փորձում են լիցքաթափվել՝ ընտրական ակտիվ պայքարից հետո։