«Մտածում ենք հնարավոր տարբերակների մասին». Արմեն Գրիգորյանը՝ Երևանի ավագանու ընտրությունները դիտարկելու մասին
«Այս պահին դեռ հստակ չի, լայնածավալ դիտորդական առաքելություն իրականացնելու ռեսուրս այս պահին չունենք։ Մտածում ենք հնարավոր տարբերակների մասին»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության ներկայացուցիչ Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե Երևանի ավագանու ընտրություններում նախաձեռնությունը դիտորդական առաքելություն իրականացնելո՞ւ է։
Ըստ նրա՝ ամբողջ համակարգն աշխատեցնելու համար անհրաժեշտ են լայնածավալ ֆինանսական ռեսուրսներ, որ այս պահին չկան։ Ա.Գրիգորյանը դժվարացավ կոնկրետ թիվ նշել։ Նրա խոսքով՝ եթե հովանավոր գտնվի, դիտորդություն կիրականացվի։
Հիշեցնենք, որ «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը 2013 թ. մայիսին` Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ, ձևավորել են «Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հ/կ-ն, «Իրավունքի Եվրոպա միավորում» հ/կ-ն և ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը։ Մինչ այս նախաձեռնությունը դիտարկել է Հայաստանում բոլոր ընտրությունները, այդ թվում՝ Սահմանադրական հանրաքվեն: